14:45 | 28.11.14 | Նորություններ | 3805

Orange-ը հերթական անգամ աջակցել է «Հայաստան» հիմնադրամին

Orange Ֆրանսիայի աջակցությամբ Հեռախոսամարաթոն 2014-ի ընթացքում գրանցվել է ավելի քան 1,37 միլիոն եվրոյի նվիրատվության խոստում:

Արդեն 15 տարի Orange-ը համագործակցում է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ` աջակցելով վերջինիս կողմից իրականացվող Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրին:

Orange-ը, մասնավորապես, «Հայաստան» հիմնադրամի կամավորներին տրամադրել էր իր հեռահաղորդակցության եւ ՏՏ հարթակները, մասնավորապես՝ Կաշանում, Լիոնում, Մարսելում եւ Տուլուզում գործող իր հեռախոսային կենտրոնները:

Նոյեմբերի 19-ից 23-ն Orange-ի հեռախոսային կենտրոններից 750 կամավորներ հեռախոսազանգեր են կատարել ավելի քան 60,000 ընտանիքների եւ ձեռնարկությունների, ինչի արդյունքում գրանցվել է ավելի քան 1,370,000 եվրոյի չափ նվիրատվության խոստում:

Հանգանակված միջոցները ծառայելու են Հայաստանում գյուղատնտեսական ծրագրերի, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի կառուցման, Ղարաբաղում համայնքային կենտրոնների ստեղծման եւ այլ ծրագրերի ֆինանսավորմանը: 

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Օրանժ Արմենիան իր բաժանորդներին հնարավորություն է տվել մասնակցել Հեռուստամարաթոնին եւ կատարել նվիրատվություններ ՝ ուղարկելով SMS 7733 համարին կամ զանգահարելով 090008000 համարով: Մեկ SMS ուղարկելու կամ մեկ զանգ կատարելու դեպքում Orange-ի բաժանորդները նվիրաբերել են 500 դրամ: