17:47 | 18.11.14 | Նորություններ | 3145
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում ավելի քան 67 հազ. ՀՀ բնակիչ օգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից, որոնցից 5200-ն անվճար վիրահատվել է Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ):
Ամփոփելով շարժական հիվանդանոցի 2014թ. շրջայցը` Orange Հիմնադրամի եւ ՀԱՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ Էջմիածին քաղաքում մեկնարկել է «1 selfie = 1 ակնոց» ծրագրով նախատեսված ակնոցների տրամադրումն Արմավիրի մարզում:
«Ուրախ ենք մեր գործընկերների հետ համատեղ ամփոփել «Լույս հայի աչքերին» ծրագրի այս տարվա արդյունքները: Հպարտ ենք այս համագործակցությամբ, քանի որ այն օգնում է տասնյակ հազարավոր մարդկանց եւ իրապես փոխում նրանց կյանքը: Բացի այդ, սկսում ենք Orange-ի բաժանորդների շնորհիվ մեծապես հաջողված «1 selfie = 1 ակնոց» ծրագրի հաջորդ փուլը, որի շրջանակներում Արմավիրի մարզի ավելի քան 826 երեխաներ կստանան անվճար ակնոցներ, իսկ քանի որ նախնական զննումների արդյունքում հայտնի է դարձել, որ Արմավիրի մարզում բոլոր 826 ակնոցները անհրաժեշտ չեն լինի, ապա մենք ակնոցների մնացած մասը կտրամադրենք այլ մարզերում բնակվող երեխաների»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«Այս տարի ԱՇՀ-ը Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում իրականացրել է 1374 վիրահատություններ եւ լազերային բուժումներ։ 2014թ. ընթացքում, ընդհանուր առմամբ, նշված մարզերում հետազոտվել են 12 081 մեծահասակներ եւ 5054 երեխաներ, 740 երեխա անցել է հանրակրթական դասընթացներ ակնային խնամքի վերաբերյալ, իսկ տրամադրված ակնոցների թիվն է 2 809։ ՀԱՆ-ը անչափ կարեւորում է Orange Հիմնադրամի հետ ունեցած մեր համագործակցությունը», - նշել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարվարա Քալաշյանը:
Հավելենք, որ 2011-2014 թթ. Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ 51 984 մեծահասակներ եւ 15 051 երեխաներ անցել են ակնային զննումներ, 8961 բնակիչներ անցել կրկնակի մանրամասն հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ): Իրականացվել է 5209 վիրահատություն եւ լազերային բուժում, դուրս է գրվել 23 հազ. 876 ակնոց, 4399 երեխաներ 53 մարզային դպրոցներում անցել են ակնային խնամքի դասընթացներ: