16:05 | 02.10.14 | Նորություններ | 2147
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն այցելել են Երվանդաշատ, որտեղ հինգ ամսվա ընթացքում ծրագրի շրջանակներում վերանորոգվել է 6 եւ կառուցվել 2 կիսակառույց տուն:
«Այստեղ դրված յուրաքանչյուր քար մեր հոգիներին եւ մեր միասնական ազգային ոգուն զորություն է պարգեւում: Մենք ընդմիշտ ամուր ենք մնալու այս սրբազան հողի վրա: Մենք պարտավոր ենք դա անել, եւ սա մեր ուղերձն է յուրաքանչյուրին՝ այս երկրում եւ դրա սահմաններից դուրս»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի սահմանամերձ 4 գյուղում 25 ընտանիք կապրի հարմարավետ տներում:
«Դեռ մի քանի ամիս առաջ հույս անգամ չկար, որ այս ամառն այսքան արդյունավետ կլինի եւ կկատարվի իմ, ընտանիքիս ու նաեւ շատ համագյուղացիներիս նվիրական երազանքը: Ես անչափ շնորհակալ եմ այս ծրագրին, որն օգնում է կառուցել ոչ միայն տուն, այլեւ` կյանք, ոչ միայն պատեր, այլեւ` հույս, ոչ միայն տանիք, այլեւ` հավատ ապագայի նկատմամբ»,-ասել է Վարուժան Ավետիսյանը, ում ընտանիքը երկար տարիներ ապրել է ծնողների ու եղբոր բազմանդամ ընտանիքի հետ՝ առանց կենցաղային տարրական հարմարությունների:
Հավելենք, որ սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագրի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: