14:37 | 02.10.14 | Նորություններ | 1564

ԴիջիԹեք 2014-ի այցելուների թիվը կարող է հասնել 30 հազարի

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք 3-օրյա տեխնոլոգիական ցուցահանդեսի այցելուների թիվն ըստ կանխատեսումների կհասնի 30 հազարի:

Այս մասին այսօր ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ցուցահանդեսը կմեկնարկի վաղը՝ հոկտեմբերի 3-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 5-ը:

«Դիջիթեք էքսպոյի նախորդ 10 տարիներն ապացուցել են, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում կայուն զարգացում է ապրում, ինչն իր հերթին խթանում է տնտեսության մնացած ոլորտները» ,- նշել է Կարեն Վարդանյանը` հավելելով, որ ամենամյա ցուցահանդեսը տեխնոլոգիական հայության համար յուրահատուկ տոն է դարձել՝ որպես հարթակ ծառայելով շփումների եւ համագործակցության համար: 

Անդրադառնալով սպասվող միջոցառումներին, Կարեն Վարդանյանը առանձնացրել է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի շրջանակում մարզերից մոտ 150 երեխաներ ցուցադրելու են իրենց պատրաստած ռոբոտներին, ինչպես նաեւ տեղում մի շարք նախագծեր են իրականացնելու:

Անցկացվելու են նաեւ համակարգչային եւ բջջային խաղերի հեքեթոն, աշխատանքի տոնավաճառ, ԴիջիԼայֆ սեմինարներ եւ մի շարք այլ միջոցառումներ:

ԴիջիԹեք 2014-ի գլխավոր հովանավորն արդեն 2-րդ անգամ հանդիսանում է«Յուքոմ»  ընկերությունը: 

««Յուքոմ» -ն այս տարի Դիջիթեքի շրջանակում ներկայացնելու է իր նորարարությունները, որոնց տեխնոլոգիական լուծումներն առաջին անգամ են կիրառվում տարածաշրջանում, իսկ աշխարհում օգտագործվում են սահմանափակ թվով ընկերությունների կողմից»,- նշել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: