12:53 | 24.07.14 | Նորություններ | 3181
Գեղարքունիքի մարզի շուրջ 2,800 բնակիչներ օգտվել են Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի համատեղ ծրագրից, որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Ակնային զննումներն իրականացրել են ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը: Հետազոտված շուրջ 2,800 բնակիչներից 470-ն ուղեգրվել է խորացված ստուգումների Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ): Նրանցից 195 –ն արդեն իսկ ստացել են վիրահատություն կամ լազերային բուժում Մարտունիում եւ Վարդենիսում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում: Այս պահին վիրահատություններ են իրականացվում նաեւ Ճամբարակում, որոնց թիվը ծրագրի ավարտին կհասնի 50-ի:
«Արդեն չորրորդ տարին է, ինչ մենք համագործակցում ենք Հայկական Ակնաբուժության Նախագծի հետ, եւ հասցրել ենք այցելել Հայաստանի բոլոր մարզեր, իսկ որոշ մարզեր` նույնիսկ երկու անգամ: Orange Հիմնադրամը հպարտությամբ է սատարում այս լայնամասշտաբ ծրագրի իրականացմանը, որը կոնկրետ ու շոշափելի փոփոխություններ է բերում Հայաստանի մարզերում բնակվող մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքում: Հուզմունքով ու ուրախությամբ ենք տեսնում այն մարդկանց, ովքեր վերգտնում են աչքի լույսը՝ վերադառնալով լիարժեք կյանքի»,- ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:
«Գեղարքունիքի մարզում աշխատում ենք երկրորդ անգամ, չնայած, որ 2003 թ. սկսած արդեն վեցերորդ շրջայցն ենք իրականացնում Հայաստանում: Ուրախ ենք, որ մեր ծառայություններից այս անգամ օգտվեցին նաեւ Գեղարքունիքի առավել խոցելի շրջանների բնակիչները, եւ ՀՀ մնացած բոլոր մարզերի բնակիչներին մեր կողմից առաջարկվող բժշկական ծառայությունները հասանելի դարձան նաեւ նրանց համար: Ըստ շարժական հիվանդանոցում աշխատող մեր վիրաբույժի՝ Ասատուր Հովսեփյանի, հիվանդների հոսքը նախատեսվածից ավելին էր, իսկ ակնային հիվանդությունների ծանրության աստիճանը` բավականին բարդ»,- ասել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Ծրագիրը Գեղարքունիքի մարզում նախաձեռնվել է ՀՀ առողջապահության նախարարության հատուկ խնդրանքով՝ ներառելով Գեղարքունիքի առավել աղքատ բնակավայրերը: Այն մաս է կազմում Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange Հիմնադրամի համատեղ 2014թ. ընդարձակ ծրագրի, որի շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանի հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11,300 մեծահասակների եւ 4,600 երեխաների, տրամադրել շուրջ 2,000 ակնոց: Շարժական հիվանդանոցը պատրաստ է իրականացնել ավելի քան 1,000 վիրահատություն եւ լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ՝ մարզերի դպրոցներում կազմակերպվելու են նաեւ ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ: