15:26 | 22.07.14 | Նորություններ | 3208
Oգոստոսի վերջին շահագործման կհանձնվի Տավուշի մարզի Այրում գյուղի պահածոների նորաստեղծ գործարանը, որը հագեցվել է սարքավորումներով G2iA կազմակերպության ջանքերով եւ Orange Հիմնադրամի ու Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանի աջակցությամբ:
Գործարանը աշխատատեեր եւ եկամտի կայուն աղբյուր կստեղծի Այրումի ու հարեւան գյուղերի բնակիչների համար:
«Orange Հիմանդրամը մեծապես կարեւորում է գյուղական համայնքներում տնտեսական գործունեության եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը: Տավուշի եւ Արագածոտնի մարզերում մենք աջակցել ենք գյուղատնտեսական երեք կարեւոր ծրագրերի իրականացմանը՝ այսպիսով խթանելով տեղական արտադրությունը եւ տնտեսական զարգացումը: Շատ ուրախ ենք հատկապես այս ծրագրին աջակցելու համար, քանի որ վերջինիս շնորհիվ ոչ միայն կստեղծվեն 50-60 աշխատատեղեր, այլեւ Այրումի եւ հարեւան գյուղերի բնակիչները հնարավորություն կունենան արտադրամասին հատապտուղներ եւ մրգեր մատակարարել», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: