17:22 | 30.06.14 | Նորություններ | 3036

Beeline-ի աշխատակիցները համալրեցին կամավոր դոնորների շարքերը

Ավելի քան 30 Beeline-ի աշխատակից մասնակցեցին դոնորների կամավոր ակցիային։ Հունիսի 26-ին եւ 27-ին ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնում Beeline-ի աշխատակիցները հանձնեցին արյուն Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին օգնելու համար։

«Դոնորական ակցիային մասնակցելը խիստ անձնական եւ կամավոր որոշում է, եւ ես հերթական անգամ հպարտանում եմ Beeline–ի աշխատակազմով արագ արձագանքման եւ ակցիային մասնակցելու համար։ Ես լիովին կիսում եմ մեր աշխատակիցներից մեկի այն տեսակետը, ով արյուն հանձնելուց հետո ինձ ասաց, որ աշխատանքային օրն այսօր խորհրդանշական է եւ լի դրական զգացմունքներով,  քանի որ կարողացար փրկել ինչ–որ մեկի կյանքը»,– ասել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Իր հերթին Կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Մարինա Քամալյանը շնորհակալություն հայտնեց Beeline աշխատակիցներին՝ հանձնելով նրանց արյան կամավոր դոնորության կրծքանշան։ Նա հավելեց, որ ակցիայի շրջանակում հավաքված արյունն արդեն իսկ հանձնվել է Արյունաբանական կենտրոնի հիվանդներին։

Նրա խոսքերով, առանց առողջությանը վնաս պատճառելու յուրաքանչյուր դոնորից միաժամանակ կարելի է վերցնել 400 մլ արյուն, արարողությունը կարելի է կրկնել տարեկան 1-2 անգամ։ Երկրին արյան փոխներարկման կարիքները հոգալու համար, անհրաժեշտ է, որ 1000 մարդուց 40–ը կանոնավոր հանձնեն արյուն։

«Այսօր Հայաստանում կա մոտ 12 հազար մշտական դոնոր, որոնցից միայն 4,7 տոկոսն է հանձնում արյուն կամավոր»,– ասաց Մարինա Քամալյանը։