13:57 | 20.03.14 | Նորություններ | 1195
Այս տարվանից Հայաստանի ամբողջ տարածքում կգործի շտապ օգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպաստող «Լոկատոր» ընկերության կողմից ստեղծված տեղեկատվական վերլուծական համակարգը:
«Համակարգի շնորհիվ կիրականացվի ինֆորմացիայի արագ փոխանցում, անմիջական կապ կհաստատվի կանչ ընդունող դիսպետչերի եւ բրիգադի միջեւ, կստեղծվի տվյալների կենտրոնացված բազա ու կներդրվի մշտադիտարկման մեխանիզմ», - հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ներկայումս կանչի կատարմանը մասնակցում են մի քանի օղակներ` 1-03 դիսպետչեր, ենթակայանի դիսպետչեր եւ բրիգադ: Տեղեկատվական վերլուծական համակարգի միջոցով կանչ ընդունող դիսպետչերը կկարողանա կանչի էլեկտրոնային թերթիկը միանգամից փոխանցել բրիգադին՝ այդպիսով ժամանակ խնայելով: Մեքենաներում տեղադրված պլանշետների միջոցով բրիգադները կարող են ստանալ կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը եւ անհրաժեշտության դեպքում դիտել նաեւ հիվանդի բժշկական անցյալը:
2011թ. «Լոկատոր» ընկերության առողջապահական մեկ այլ համակարգը՝ Locator system-ը, ներդրվել է շտապ օգնության մոտ 60 մեքենաների վրա, ինչը թույլ է տալիս առցանց ռեժիմում ստանալ ինֆորմացիա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի, շարժման ուղղության, արագության վերաբերյալ: