10:09 | 11.03.14 | Նորություններ | 2313
ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ) լայնորեն կիրառում է չարտոնված SMS-սփամի արգելափակման տեխնոլոգիաները:
Այդ մասին Մեդիամաքս-ին հայտնել են ընկերությունում` մեկնաբանելով SMS-սփամի դեմ պայքարի ընկերության մեթոդները:
Այս տարվա փետրվարին ԱրմենՏելն ավարտել է SMS-սփամին հակազդելու նոր տեխնիկական համակարգի ներդրումը ցանցում` բաժանորդներին հնարավորություն ընձեռելով հրաժարվել անցանկալի մուտքային հաղորդագրություններից, նշել են ընկերությունում:
Գովազդային SMS-ծանուցումները կարելի է արգելափակել` օգտվելով 0674454 հրահանգից, արգելաբացել`0674434 հրահանգով:
Ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն ընկերության բաժանորդները կարող են ստանալ ընկերության գրասենյակներում կամ call-կենտրոնում` զանգահարելով 0611 հեռախոսահամարին:
«Չնայած ձեռնարկված քայլերին, ԱրմենՏել-ի քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի բաժանորդներին ազատություն տրվի որոշել` արդյոք ցանկանո՞ւմ են նրանք ստանալ առեւտրային SMS-հաղորդագրություններ, որոնք հասցեագրված չեն անձամբ իրենց եւ որոնց իրենք չեն բաժանորդագրվել»,- ասել են ընկերությունում:
SMS-սփամից պաշտպանվելու համար ընկերությունը բաժանորդներին խորհուրդ է տալիս բջջային հեռախոսահամարը չթողնել խանութներում, առեւտրային կետերում տարբեր ակցիաների եւ զեղչերի բաժանորդագրվելիս, ինչպես նաեւ չհրապարակել համարը սոցիալական ցանցերում: