09:53 | 26.12.13 | Նորություններ | 3253
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում կսկսի գործել 40 երեխայի համար նախատեսված ցերեկային խնամքի նորաստեղծ կենտրոնը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 8 մլն դրամ է հատկացրել 8 ննջասենյակ, ժամանցի, վերականգնողական թերապիայի սենյակներ, խաղասրահ եւ խոհանոց կահավորելու, ինչպես նաեւ վերականգնողական սարքավորումներ ձեռք բերելու համար:
«Ամենակարեւոր դեղամիջոցը ուշադրությունն է: Գոյություն ունեցող խնդիրների առջեւ աչք փակելը չի վերացնում դրանք: Հոգեբանական այն մեծ աջակցությունը, որն այստեղ տրամադրվելու է դրա կարիքը զգացող երեխաներին եւ նրանց ծնողներին, կնպաստի, որպեսզի մասնագետներն ավելի մեծ արդյունքի հասնեն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները կենտրոնում կարող են ստանալ ոչ միայն հոգեբանական, այլեւ համապատասխան բժշկական աջակցություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաեւ հաստատեց ընկերության պատրաստակամությունը համաֆինանսավորման սկզբունքով աջակցել կենտրոն հաճախող 15 երեխայի սոցիալական կարիքները ամսական կտրվածքով: Նույն սկզբունքով եւս 5 երեխայի խնամքի ծախսերը կհոգա Յիրիկյանների ընտանիքը: