ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը
16:55 | 15.11.13 | Նորություններ | 2252
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր ասել է, որ Միության առաջարկները կիրառելու դեպքում իրական հնարավորության կա 2020 թ-ին Հայաստանի ՏՏ ոլորտի վճարած հարկերը հասցնել $3 մլրդ-ի:
2012թ. ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» ծրագրի աջակցությամբ ԻՏՁՄ-ն իրականացրել է ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում ծրագիրը, որի արդյունքների ամփոփումը ներկայացվել է այսօր «ՏՀՏ ոլորտի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով հետազոտության շրջանակներում:
«IT ոլորտում արդեն իսկ ունենք տարեկան 20% աճ: Դիտարկում ենք երկու սցենար` լավ և վատ: Վատ սցենարի հիմքում պետք է դիտարկել արտագաղթը, որը կազմում է 5%: Ցավալի է այն, որ այդ 5 տոկոսն են կազմում 8-10 տարի ոլորտում աշխատած մասնագետները»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքերով, կան ոլորտի զարգացման մի շարք տարբերակներ, որոնք, չնայած իրենց պարզությանը, այսօր Հայաստանում չեն օգտագործվում:
«Դրանք ներդնելու դեպքում (օրինակ, էլեկտրոնային կոմերցիայի ներդրում, տեխնոլոգիական ձեռներեցության խրախուսում, ռազմական եւ տեխնոլոգիական ոլորտների համագործակցություն, մասնագետների թվի աճ) զգալի արդյունք կունենանք: Ուսումնասիրել ենք մի շարք երկրների փորձը եւ մշակել քայլեր, որոնք իրականացնելու դեպքում մոտ ժամանակներս 30% աճ կունենանք: Եթե այդ տեմպերով շարունակվի, ապա 2020 թ-ին IT ոլորտը պետբյուջե կմուծի $3 մլրդ-ի հարկ: Մոտավոր հաշվարկներով , այդ ժամանակ մենք կունենանք $6 մլրդ-ի արտաքին պարտք: Ստացվում է` միայն ՏՏ ոլորտի վճարած հարկերով կարող ենք մարել արտաքին պարտքի 50%-ը»,- նշել է Վարդանյանը: