15:48 | 03.10.13 | Նորություններ | 970

Վաղը Երեւանում կմեկնարկի Արմթեք 2013-ը

Հոկտեմբերի 4-ին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում կմեկնարկի  «Արմթեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը:

Ինչպես հայտնում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

«Արմթեք-ը բարձր տեխնոլոգիաների ամենալավ հարթակն է, որտեղ կարող ենք ներկայացնել այն խնդիրները, որոնք կանգնած են մեր առջեւ: Համաժողովին ներկա կլինի շուրջ 200 մասնակից, պատվիրակություններ արտերկրից, ինչը եւս մեկ անգամ հնարավորություն կստեղծի ներկայացնել ՀՀ բարձր տեխնոլոգիաների միջավայրը եւ նոր գործարար կապեր հաստատել»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Վահրամ Ավանեսյանը նշել է, որ համաժողովի ընթացում նախատեսվում է 2 հուշագրերի ստորագրում` կապված Գյումրու տեխնոպարկի զարգացման հետ:

Համաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին զարգացումներն ու հաջողությունները, տեխնոլոգիական կրթությունը, նորարարությունները, որոնք կնպաստեն մասնագիտական զարգացմանը, ինչպես նաեւ նոր մարտահրավերներն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացի հնարավորությունները:

«Քննարկվող հարցերը հնարավորություն կտան հետագայում նոր բարձունքներ գրավել եւ Հայաստանը դարձնել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ խաղացող տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Քորնելիոն հավելել է, որ «Հայաստանը բարձր տեխնոլոգիաների զարգացման համար գլոբալ առումով լավ դիրքում է գտնվում: Արմթեք-ը հնարավորություն կտա դասեր քաղել անցյալից եւ կերտել ապագան»:
 
«Սինոփսիս» ընկերության փոխնախագահ, հայաստանյան մասնաճյուղի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը նշել է, որ «Արմթեք-ը լավագույն մայրուղին է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար»:

Արմթեք-ի կազմակերպիչներն են ՀՀ կառավարությունը, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Սինոփսիս Արմենիա-ն, «Վիասֆեր» տեխնոպարկը, Զարգացման հայկական գործակալությունը, Ազատ տնտեսական գոտի Ալյանսը, Հայ-ամերիկյան առեւտրի պալատը եւ «G2iA»-ն: