17:39 | 27.09.13 | Նորություններ | 1974

VMware-ը $100 մլն-ի ներդրումներ կկատարի Հայաստանում

Ծրագրային ապահովմամբ զբաղվող ամերիկյան VMware ընկերությունն առաջիկա 4-5 տարիների ընթ¬¬ացքում նախատեսում է մոտ $100 մլն-ի ներդրումներ կատարել Հայաստանում:

Այդ մասին այսօր Երեւանում ասել է VMware ընկերության ամպային ենթակառուցվածքների եւ կառավարման գծով գործադիր փոխնախագահ Ռագու Ռագուրամը (Raghu Raghuram, Executive Vice President of Cloud Infrastructure and Management):

Հիշեցնելով, որ ընկերության ներկայացուցչությունը, որը միակն է տարածաշրջանում, գործում է 2010 թ-ից, VMware-ի գործադիր փոխնախագահը նշել է, որ իրենք պատրաստվում են խորացնել համագործակցությունը գործարար համայնքի եւ ակադեմիական շրջանակների միջեւ: Ռագու Ռագուրամն ասել է, որ VMware-ը շատ գոհ է Հայաստանում իր գործունեությունից եւ երեւանյան թիմի աշխատակիցների մակարդակից: Նա հավելել է, որ VMware-ի երեւանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է հայաստանյան բուհերի հետ:

«Հայկական շուկան ինքնին, ցավոք, այնքան մեծ չէ: Բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այստեղ էլ կլինեն լավ հնարավորություններ եւ մասնավոր, եւ պետական հատվածներում: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանում արտադրվող ապրանքները վաճառվում են ողջ աշխարհում»,- ասել է Ռագու Ռագուրամը:

Նրա փոխանցմամբ, ընկերությունը նախատեսում է մեծածավալ ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ:

Ռագու Ռագուրամն իր հայաստանյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, բարձրաստիճան պաշտոնյաների, գիտական եւ գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ:
VMware Inc. վիրտուալիզացիայի եւ ամպային ենթակառուցվածքների (Virtualization and Cloud Infrastructure) ոլորտի ծրագրային ապահովման ընկերություն է: Ըստ Forbes ամսագրի, այն աշխարհում երրորդ ամենաիննովացիոն ընկերությունն է: VMware-ն ունի ավելի քան 500,000 հաճախորդ եւ 55,000 տարածորդ եւ վերավաճառող գործընկեր ամբողջ աշխարհում: Դրանց թվում են Apple, IBM, Dell, Compaq, Fujitsu Siemens, Sun Microsystems, Hitachi, HP, Cisco եւ Intel ընկերությունները: VMWare ընկերությունն իր ներկայությունը Հայաստանում հաստատել է 2010 թ-ին Integrien հայ-ամերիկյան ընկերությունը գնելուց հետո: