10:43 | 27.09.13 | Նորություններ | 1058

Վաղը Երեւանում կներկայացվի Google Glass-ը

Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 28-29-ին Երեւանում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, տեղի կունենա իր տեսակի մեջ առաջին անգամ անցկացվող դեվելոփերների կոնֆերանսը՝ DevFest Armenia 2013-ը:

Միջոցառմանը կներկայացվեն ինչպես Google-ի, այնպես էլ այլ տեխնոլոգիաների մասին զեկույցներ եւ ներկայացումներ:

Միջոցառման ամբողջական օրակարգը հասանելի է այստեղ:

Երկօրյա միջոցառման կոնֆերանսի եւ DevBarcamp-ի ընթացքում հայաստանյան առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումները:

Միջոցառմանը ներկա կլինի Google ընկերության հատուկ բանագնացը՝ Իգոր Մահանյոկը, ով կոնֆերանսում իր զեկույցի ժամանակ կներկայացնի Google Glass-ը:

Հատուկ հյուրերի թվում են նաեւ Google Developer Group Tbilisi-ի մոդերատորները:

Կոնֆերանսին զուգահեռ նախատեսվում է անցկացնել Android հաքաթոն` ArmHackDroid խորագրով, որը սեպտեմբերի 29-ին կշարունակվի 8 ժամ: Հաղթող խմբին կհանձնվի հատուկ մրցանակ՝ Asus Nexus 7 գրասալիկ:

Միջոցառման գործընկեր Bet Construct ընկերությունը նախապատրաստել է 1000 ԱՄՆ դոլար դրամական մրցանակ այն թիմի համար, ով կկարողանա հաքաթոնի ընթացքում ստեղծել իրական ժամանակում տեսանյութերի եւ թվիթների հոսք ապահովող Անդրոիդ հավելված:

Հաղթող թիմը 2013թ. հոկտեմբերի 17-ին GDG Armenia խմբի հետ կմեկնի Թբիլիսի՝ մասնակցելու DevFest Tbilisi 2013 միջոցառմանը:

Միջոցառումը կազմակերպվել է Google Developer Group Armenia-ի կողմից՝ Google ընկերության օժանդակությամբ: Միջոցառմանն աջակցել են նաեւ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Bet Construct եւ LinkGard ընկերությունները:

Միջոցառման մասնակցության գրանցումն արդեն փակվել է, սակայն ցանկացողները կարող են ներկա գտնվել՝ սեպտեմբերի 28-29-ին այցելելով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Գրանցված եւ չգրանցված մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել կոնֆերանսին եւ քննարկումներին, զրուցել հատուկ բանագնացների հետ, ուսումնասիրել Google Glass-ը: