17:36 | 05.09.13 | Նորություններ | 2563

Յուքոմն աջակցում է «Վիքին Սիրում է Հուշարձաններ» հայաստանյան նախագծին

Սեպտեմբերի 1-ից աշխարհի 50 երկրներում մեկնարկել է «Վիքին սիրում է հուշարձաններ 2013» միջազգային լուսանկարչական ամենախոշոր մրցույթներից մեկը, որի նպատակն է հանրությանը ծանոթացնել աշխարհի միլիոնավոր հուշարձաններին` դրանց լուսանկարները ազատ արտոնագրով Վիքիպահեստում տեղադրելու միջոցով:

Մրցույթի մասնակիցները սեպտեմբեր ամսվա ընթացքում պետք է լուսանկարներ բեռնեն Վիքիպահեստում (http://commons.wikimedia.org/)։ Այս տարի առաջին անգամ մրցույթին կմասնակցեն Հայաստանը եւ Արցախը:

Վիքիմեդիա Հայաստան ՀԿ Հիմնադիր խորհրդի անդամ Ալեքսեյ Չալաբյանն այսօր ասել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի հուշարձանների հազիվ 1%-ի լուսանկարները հնարավոր կլինի գտնել Վիքիպահեստում:

«Վիքին Սիրում է Հուշարձաններ» նախագծի հայաստանյան գլխավոր հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ասել է, որ միանալով Վիքիմեդիա հիմնադրամի նախաձեռնությանը` Հայաստանը շատ կարեւոր քայլ է անում հայկական հուշարձանները աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:

Մրցույթի նախապատրաստման ընթացքում հայերեն Վիքիպեդիայում են տեղադրվել Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում «պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի» կարգավիճակ ունեցող շուրջ 25.000 հուշարձանի ցանկերը։

Մրցույթի մասնակիցներն այդ ցուցակների օգնությամբ կարող են իմանալ, թե ինչ հուշարձաններ կան իրենց շրջապատում, գտնել դրանք եւ լուսանկարել։

Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք: Մրցույթի պայմաններին եւ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.wikilovesmonuments.am կայքից։