ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը
17:48 | 26.06.13 | Նորություններ | 1183
Հունիսի 28-30-ը «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների քննարկումների օրակարգում կլինեն ոլորտի զարգացման հիմնահարցեր:
Հարցերի թվում են, մասնավորապես, տեխնոլոգիական ընկերությունների համար պետական տենդերների մասնակցության ժամանակ առաջացող խնդիրները, Հայաստանի ՏՀՏ մրցունակության ապահովման համար անհրաժեշտ հարկային եւ այլ օրենսդրական փոփոխությունները, սփյուռքի տեխնոլոգիական-մասնագիտական ներուժի հայտնաբերումը եւ ներգրավումը, ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների հայեցակարգի դրույթների կատարումն ապահովող առաջնային գործողությունների ծրագիրը, հայտնել են ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում:
«Միության ջանքերով 2012 թվականի ընթացքում արդեն իսկ լուծում են ստացել մաքսային եւ հարկային ոլորտի որոշ խնդիրներ, մասնավորապես` ՀՀ Մաքսային օրենսգրքի 48 հոդվածում ներառվել է երաշխիքային սպասարկումը կարգավորող դրույթը, ինչը նպաստում է ՏՀՏ ոլորտում գործող ընկերությունների կողմից ներմուծվող երաշխիքային ժամկետում գտնվող ապրանքների երաշխիքային սպասարկման իրականացմանը: Բացի այդ, հարկային օրենսդրությունում կատարվեց փոփոխություն` համաձայն որի գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական եւ ինովացիոն գործունեության ոլորտում կատարվող ներդրումները ճանաչվեցին որպես ծախս: Սակայն 2013թ. հարկային օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված առաջ են եկել մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ վեր են հանվել Հյաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման հետ կապված թե հարկային եւ թե մաքսային ոլորտի խնդիրներ, որոնցից են` վճարային փաստաթղթերի չեղարկման խնդիրը, էլեկտրոնային առեւտրի դեպքում միջազգային վճարահաշվարկային համակարգերի կողմից տրված փաստաթղթերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից որպես ծախսագրման փաստաթղթեր չընդունելու խնդիրը, էլեկտրոնային հայտարարագրման դեպքում կիրառվող մաքսավճարի խնդիրը եւ այլն», - հայտնել են ԻՏՁՄ-ում:
Միությունում նշել են, որ հարեւան երկրներում ՏՀՏ ոլորտին զգալի հարկային արտոնությունների տրամադրումը խաթարում է մեր երկրի մրցունակությունը արտաքին շուկաներում: Այս թեման եւս կդառնա քննարկման առարկա ֆորումին:
Ֆորումը տեղի կունենա Դիլիջանի «Բեստ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցային համալիրում: Կազմակերպիչն է ՏՁՄ-ն` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: