15:48 | 26.06.13 | Նորություններ | 4370
«Այբ» ավագ դպրոցում այսօր բացվել է Ռոբոտիկայի լաբորատորիան, որի հիմնադրմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Լաբորատորիայի բացմանը մասնակցել են «Այբ» դպրոցի ղեկավարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ռոբոտիկայի թիմը՝ ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ, եւ “Ռոբոտիկա” առարկան ուսումնասիրող աշակերտները։ Լաբորատորիան ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Այդ նպատակով ընկերությունը հատկացրել է ավելի քան 14 միլիոն դրամ, հայտնել են ընկերությունում:
«Մենք ունենք հզոր մտավոր ներուժ՝ ի դեմս ավագ սերնդի մեր գիտնականների, ինժեներների եւ, առաջին հերթին, մեր խոստումնալից երեխաների, քանի որ նրանք են մեր երկրի ապագան կերտողները: Ինչպիսի երիտասարդներ ունենք այսօր` այդպիսին կլինի մեր ապագան: Հետեւաբար, Հայաստանի ապագա տնտեսության ամուր հիմքերը պետք է գցել այսօր՝ մեծացնելով մտածող, ստեղծագործող, ուժեղ, պատվախնդիր եւ հայրենասեր սերունդ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արդեն մի քանի տարի «Այբ» կրթական հիմնադրամը տարբեր առարկաներից արդիական ուսումնական լաբորատորիաներ է ստեղծում Երեւանի եւ մարզերի դպրոցներում: «Այբ»-ը ոչ միայն նախագծում եւ հիմնում է առարկայական մոդելային լաբորատորիաներ, այլեւ եւ մշակում է դասավանդման մեթոդաբանությունը:
Ֆիզիկայի եւ քիմիայի առաջին «ԱյբԼաբ»-երը գործարկվել են Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այնուհետ ինֆորմատիկայի «ԱյբԼաբ» է բացվել Բերդ քաղաքում: Տարածաշրջանում նմանը չունեցող էկոլոգիայի երկու «ԱյբԼաբ»-եր են ստեղծվել Քաջարանի երկու դպրոցներում, ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության «ԱյբԼաբ»-եր` Վաղարշապատի թիվ 4 դպրոցում: Ընթացքի մեջ են նոր «ԱյբԼաբ»-երի նախագծումն ու շահագործումը մայրաքաղաքի եւ մարզերի այլ դպրոցներում: