10:20 | 24.06.13 | Նորություններ | 1078

Instagram-ով արդեն կարելի է տեսանյութեր նկարել

Facebook-ի Instagram ֆոտոհոսթինգային հավելվածի օգտագործողներն այսուհետ կարող են իր օգնությամբ մինչեւ 15 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակներ նկարել:

Այսպիսով Instagram-ը սկսելու է մրցակցել Twitter Vine-ի հետ, որը եւս թույլ է տալիս օգտագործողներին նկարել եւ կիսվել հոլովակներով, որոնց առավելագույն տեւողությունը 6 վայրկյան է, գրում է BBC-ն:

Instagram-ի թարմացումը թույլ կտա iPhone-ի եւ Android-ի օգտագործողներին տեսաձայնագրել եւ կցել իրար հետ տեսահոլովակները կազմելով վիդեոկոլաժներ, որոնք այնուհետեւ կարելի է անցկացնել հատուկ էֆեկտներ ապահովող 13 ֆիլտրերի միջով:

«Մեր առաջարկած 15 վայրկյանը թույլ է տալիս, որ տեսահոլովակները չլինեն շատ կարճ՝ սահմանափակելով ձեր ստեղծարարությունը, ոչ էլ շատ երկար, որ պետք չլինի երկար սպասել դրանք բեռնելու համար», - ասել է Instagram-ի գլխավոր տնօրեն Քեւին Սիսթրոմը:

Facebook-ը գնել է Instagram-ն անցյալ տարի ավելի քան $700 մլն-ով: Հավելվածն այսօր ունի ամսական 130 մլն օգտագործող, իսկ այնտեղ տեղադրված լուսանկարների թիվը անցել է 16 մլրդ-ը:

Մայիսին Facebook-ը դարձել է ԱՄՆ-ի մեծությամբ երկրորդ վիդեոհոսթինգային կայքը՝ հետ ընկնելով միայն Google-ի YouTube-ից: