13:00 | 12.06.13 | Նորություններ | 1463

Վեբ-գաղտնիությունը՝ հարվածի տակ

Google-ը, Facebook-ը եւ Microsoft-ը դիմել են ԱՄՆ իշխանություններին՝ թույլտվություն խնդրելով բացահայտել, թե ինչպիսի տեղեկատվություն են օգտատերերի մասին պահանջել իրենցից ԱՄՆ հետախուզական մարմինները:

Վեբ-հսկաների դիմումը հաջորդել է տարածված լուրերին այն մասին, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) ուղղակի հասանելիություն ուներ ԱՄՆ 9 խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների սերվերներին՝ ներառյալ Google-ը, Apple-ը, Microsoft-ը եւ Facebook-ը, գրում է BBC-ն:

Google-ը հայտարարել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, բայց հավելել, որ իշխանությունների կողմից դիմումների չբացահայտումը միայն «նպաստում է շահարկումներին»:

Մինչդեռ ԱՄՆ իշխանությունները հաստատել են օնլայն լրտեսական համակարգի գոյության փաստը:

«Բացահայտված թվերը ցույց կտան, որ Google-ի կողմից իշխանություններին փոխանցած տեղեկատվությունը շատ ավելի քիչ է, քան հայտարարվում է», - ասել է Google-ի իրավական տնօրեն Դեւիդ Դրամոնդը ԱՄՆ գլխավոր դատախազին ուղղված իր նամակում:

Microsoft-ն իր հերթին հայտարարել է, որ դիմումների թափանցիկ դարձնելը «կօգնի հանրությանը ճիշտ հասկանալ այս կարեւոր հարցի էությունը»:

Facebook-ի գլխավոր իրավախորհրդատու Թեդ Ուլյոթը ասել է, որ ընկերությունը եւս ցանկանում է հրապարակային դարձնել այն տվյալները, թե ինչ հարցերով են դիմում ընկերությանը իշխանությունները եւ ինչպես է ընկերությունը պատասխանում:

ԿՀՎ-ի կողմից կիրառվող Prism վերահսկողական ծրագրի մասին հայտնի է դարձել անցյալ շաբաթ, երբ դրա մասին Guardian թերթին պատմել է նախկին հետախույզ Էդվարդ Սնոուդենը: Ըստ նրա, հետախույզները ցանկացած պահին կարող էին տեսնել ցանկացած մարդու էլեկտրոնային փոստի պարունակությունը:

ԱՄՆ իշխանությունները պաշտպանել են Prism ծրագիրը, ասելով, որ այն թույլատրված է Արտաքին հետախուզության վերահսկողության օրենսդրությամբ, իսկ ամերիկյան քաղաքական գործիչներից շատերը Էդվարդ Սնոուդենին «ազգի դավաճան» են անվանել:

Վերջինիս, սակայն, զորակցություն է հայտնել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ասելով, որ «Սնոուդենը հերոս է, որը տեղեկացրել է հանրությանը տասնամյակի ամենավտանգավոր իրողություններից մեկի՝ մասսայական վերահսկողության պետության մասին»,- մեջբերում է Ասանժին AFP գործակալությունը: