16:11 | 11.06.13 | Նորություններ | 3287
Շիրակի մարզի Ջրառատ եւ Սպանդարյան գյուղերում այսօր բացվեցին գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, որոնք ստեղծվել են Orange-ի եւ «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով:
Ջրառատն այսօր ունի 1000, իսկ Սպանդարյանը` 1400 բնակիչ: Երկու գյուղերի բնակիչներն էլ առաջին անգամ հնարավորություն են ստանում, առանց տանը համակարգիչ ունենալու անհրաժեշտության, ձեռք բերել համակարգչային հմտություններ ու օգտվել ինտերնետից: Երկու համակարգչային սրահներն էլ համալրված են 7 համակարգչով, տպիչով, Orange-ի MyFi երթուղիչով, որը տալիս է ներբեռնման մինչեւ 21.6Մբ/վ արագության հնարավորություն, եւ հարմարավետ կահավորանքով, որոնք բնակիչներին հնարավորություն են տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլեւ մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4,7 մլն դրամ, հայտնել են ընկերությունում:
«Այսպիսի համակարգչային սրահների առկայությունն իրական փոփոխություններ կարող է բերել գյուղական համայնքներում, որտեղ հատկապես երիտասարդությունն ունի հասարակական, մշակութային շփումների ու աղբյուրների, ինչու ոչ՝ նաեւ ժամանցի հնարավորությունների պակաս»,- նշել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը: