14:37 | 11.06.13 | Նորություններ | 943

Apple-ը թարմացրել է iOS-ի դիզայնը

Apple-ը ներկայացրել է իր շարժական սարքերի iOS 7 նոր օպերացիոն համակարգը, որի դիզայնը զգալի փոփոխությունների է ենթարկվել:

Ըստ հեղինակների, այն դարձնում է համակարգն «ավելի պարզ», հայտնում է ընկերությունը:

Նոր դիզայնի ամենանկատելի նորությունը հրաժարումն է սքեւոմորֆիզմից, երբ համակարգի ինտերֆեյսում եւ հավելվածներում օբյեկտները պատկերվում են կաշվի, փայտի, տերեւների եւ իրական կյանքից վերցված այլ ֆակտուրաների տեսքով:

Ներկայացնելով նոր դիզայնը, Apple-ի փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիջին կատակել է, որ «տերեւներից եւ փայտից հրաժարվելը լավ է շրջակա միջավայրի համար»:

Նոր ինտերֆեյսում, սմարթֆոնը թեքելիս, հավելվածների պատկերակները (icons) շարժվում են ֆոնային նկարի նկատմամբ: Փոփոխվել են տառատեսակները, ինչը կհեշտացնի ընթերցումը, ինչպես նաեւ ավելացվել է հավելվածների ավտոմատիկ թարմացման հնարավորություն: Բացի այդ, ձայնային կառավարման Siri հավելվածում ավելացվել է նաեւ Microsoft-ի Bing համակարգում ձայնային որոնում անելու հնարավորություն:

Ընկերությունը նաեւ հայտարարել է iTunes Radio-ի երաժշտական ծառայության գործարկման մասին, որն առաջարկում է թեմատիկ ռադիոկայաններ եւ երգեր գնելու հնարավորություն: Ծառայությունից կարելի է օգտվել iOS 7-ի երաժշտական հավելվածի, ինչպես նաեւ iTunes-ի միջոցով: