09:59 | 30.05.13 | Նորություններ | 2008

Facebook-ը կխստացնի օգտատերերի վերահսկողությունը

Facebook-ը խոստացել է խստացնել օգտատերերի վերահսկողությունը եւ ավելի խորը մոդերացիայի ենթարկել օգտատերերի տեղադրած բովանդակությունը, որի պատճառով ցանցի որոշ գովազդատուներ հրաժարվում են համագործակցությունից:

Սոցցանցն արձագանքել է որոշ խոշոր գովազդատուների դժգոհություններին՝ կապված իրենց կոնտեքստային գովազդի հարեւանությամբ կնատյաց պոստերի եւ բռնության ենթարկված կանանց լուսանկարների հետ, այսօր գրում է «Վեդոմոստին»:

Վերջին օրերին «ակնհայտ է դարձել, որ ռասիստական եւ վարկաբեկիչ տեղեկատվության հայտնաբերման եւ հեռացման մեր համակարգը բավականաչափ արդյունավետ չէ», հայտարարել է Facebook-ը` խոստանալով «անհապաղ» կատարելագործել համակարգը:

Այս շաբաթ ցանցի որոշ գովազդատուներ, որոնց թվում են Nissan-ը եւ Միացյալ Թագավորության խոշորագույն ինտերնետ-բանկ Nationwide-ը, դադարեցրել են գովազդային արշավները Facebook-ում, իսկ Unilever-ը հայտարարել է, որ համագործակցում է Facebook-ի հետ՝ իր էջերից վարկաբեկիչ բովանդակության հեռացման շուրջ: