12:00 | 29.05.13 | Նորություններ | 1179
10 երիտասարդ թիմեր ներկայացրին իրենց նախագծերը «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնության առաջին փուլի շրջանակում, որը կայացավ մայիսի 25-ին:
Նախագծերից մի քանիսը գրեթե ավարտուն էին, իսկ մյուսները` դեռեւս նախագծման սկզբնական փուլում: Ժյուրիի խորհրդատվությունն ու աջակցությունը ստանալուց հետո մասնակիցները կսկսեն բարելավել իրենց նախագծերը եւ վերջնական տարբերակը կցուցադրեն հոկտեմբերին կայանալիք խաղերի ցուցահանդեսին, հայտնել են առաջնության կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (UITE):
Այս տարի առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ ներկայացուցիչներ Եգիպտոսից եւ Հնդկաստանից, որոնց մասնակցությունն առաջնությանը կհաստատվի 2-րդ փուլում:
UITE-ում տեղեկացրել են, որ գրանցումը դեռեւս բաց է, եւ ցանակցողները հնարավորություն ունեն մինչեւ սեպտեմբերի 30-ը ներկայացնել իրենց հայտերը: Իսկ մինչեւ հունիսի 10-ը գրանցվողները հնարավորություն կստանան խաղերի հետագա զարգացման եւ մշակման վերաբերյալ ժյուրիի կողմից խորհրդատվություն ստանալ, ինչպես նաեւ մասնակցել եւ իրենց խաղերը ներկայացնել հունիսին կայանալիք DigiTec Business Forum-ին: Գրանցվելու համար հարկավոր է այցելել www.opengame.am կայք, առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն եւ լրացնելուց հետո ուղարկել opengame@uite.org էլ. հասցեին, նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” contest application:
Մասնակիցները մրցելու են 9 անվանակարգերում՝ Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն կերպար, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն (Junior), Ժողովրդական մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1,700,000 դրամ, որը կբախշվի ըստ անվանակարգերի:
Առաջնությունն արդեն երրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ «Orange Արմենիա» ընկերության կողմից: