17:52 | 21.05.13 | Նորություններ | 3449

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է «Արս լունգա» դուետի նոր նախագիծը

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Արս լունգա» դուետի նոր նախագծի` «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա (Մաս I. Ստեղծագործություններ թավջութակի եւ դաշնամուրի համար)» ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսը:

Ծրագիրն իրականացվում է բաժանորդի ազատ ընտրությունը քաջալերող, որակի խորհրդանիշ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ, հայտնել են ընկերությունում:

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ վաստակավոր արտիստ, «Արս Լունգա» դուետի թավջութակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի համահիմնադիր Արամ Թալալյանը, «Արս Լունգա» դուետի դաշնակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի համահիմնադիր Ջուլիետա Վարդանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ Աշոտ Զոհրաբյանը, ՀՀ մշակույթի նախարարության Արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը եւ «Երեւան Ինթերնեյշնլ Ռոտարի» ակումբի նախագահ Կորյուն Դանիելյանը:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձեւով եւ բովանդակությամբ միակն է, քանի որ հայ կոմպոզիտորների՝ թավջութակի եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների մեծ մասը կամ երբեւիցե չեն կատարվել, կամ կատարվել են տասնամյակներ առաջ եւ ձայնագրություններն արդեն վերականգնման կարիք ունեն:

«Արս լունգա» դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակներում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների՝ թավջութակի եւ դաշնամուրի   համար  գրված  ստեղծագործություններ, կատարել եւ ձայնագրել է ժամանակակից տեխնիկայի օգտագործմամբ եւ ձայնագրման ժամանակակից պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփն (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

Թողարկված ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին եւ ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:

Սեփական ձայնադարան ունեցող յուրաքանչյուր երաժշտական հաստատություն եւս կստանա այս ձայնագրությունների ժողովածուն` երաժշտության գրականության եւ պատմության դասընթացներում օգտագործելու համար:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ծրագրի հովանավորն է «Երեւան Ինթերնեյշնլ Ռոտարի» ակումբը:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի ստեղծման եւ իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս Արամ Թալալյանի եւ Ջուլիետա Վարդանյանի: Ծրագիրը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի եւ ավանդույթների լայն սպեկտր` 20-րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը, այդ թվում՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ովքեր մասնակից լինելով ծրագրի ընթացքին՝ իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: «Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` համալրելով այն հայ կոմպոզիտորների այլ կամերային ստեղծագործություններով. դաշնամուրային տրիո, կվարտետ, կվինտետ եւ այլն: