11:55 | 21.05.13 | Նորություններ | 960

ԱՄՆ Սենատը մեղադրել է Apple-ին հարկերից խուսափելու համար

ԱՄՆ Սենատի կոմիտեն մեղադրել է Apple-ին հարկերից խուսափելու համար, հայտնելով, որ ընկերությունն ԱՄՆ-ում հարկերն ամենից շատ թաքցնողների թվում է:

Կոմիտեն պնդում է, որ Apple-ն օգտագործել է «օֆշորային ընկերությունների բարդ ցանց»՝ այդպիսով խուսափելով միլիարդավոր դոլարների հարկերից:

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը այսօր հրավիրվել է Սենատ պարզաբանումների համար: Ընկերության պատասխան հայտարարության համաձայն, այն չի արել ապօրինի քայլեր՝ հարկերը նվազեցնելու համար:

Սենատն ընդունում է, որ օֆշորների օգտագործմամբ Apple-ը չի խախտել ԱՄՆ օրենսդրությունը, սակայն մտահոգիչ է այն փաստը, որ ընկերության $145 մլրդ-ի պահուստներից ԱՄՆ-ում է գտնվում միայն $43 մլրդ-ը:

Ընկերությունը փաստացի համարվում է ԱՄՆ խոշորագույն հարկատուներից մեկը: 2012-ին այն վճարել է $6 մլրդ-ի դաշնային կորպորատիվ հարկ: ԱՄՆ կորպորատիվ հարկն ամենաբարձրերից է աշխարհում՝ հասնելով 35%-ի, եւ բազմաթիվ ընկերություններ ձգտում են տեղակայել իրենց ակտիվների մի մասը ԱՄՆ-ից դուրս՝ հարկերը նվազեցնելու նպատակով:

«Apple-ը չի տեղափոխում իր մտավոր սեփականությունը օֆշորային «հարկային դրախտներ»՝ օգտագործելով այն ԱՄՆ-ում ապրանքներ վաճառելու եւ այդպիսով տեղում հարկերից խուսափելու նպատակով: Այն չի օգտագործում իր արտասահմանյան դուստր ընկերություններից վարկեր՝ ԱՄՆ-ի գործարքները ֆինանսավորելու համար, այն չի պահում փողեր Կարիբներում եւ Կայմանյան կղզիներում», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Արտերկրում մեծածավալ դրամական միջոցների առկայությունն ընկերությունը բացատրել է այն պարզ հանգամանքով, որ իր ապրանքատեսակների առյուծի բաժինը վաճառվում է ԱՄՆ-ից դուրս:

Apple-ը հայտնի է որպես ԱՄՆ կորպորատիվ հարկի նվազեցման ակտիվ ջատագով: Ընկերության կարծիքով, հարկերի նվազեցումը կխթանի աշխատատեղերի ստեղծումը եւ տնտեսական աճը ԱՄՆ-ում:

3 շաբաթ առաջ ընկերությունը դարձավ ակտիվ քննադատության թիրախ, երբ բաժնետերերին շահաբաժիններ վճարելու համար թողարկեց $17 մլրդ-ի պարտատոմս, փոխարենը այդ գումարը փոխանցեր բաժնետերերին իր իսկ արտասահմանյան բանկային հաշիվներից: Չդիմելով այս քայլին՝ Apple-ը, ըստ Bllomberg-ի, օրինական ճանապարհով խուսափեց $9.2 մլրդ-ի հարկեր վճարելուց: