10:46 | 20.05.13 | Նորություններ | 2814
2013թ. մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի կողմից Կոտայքի մարզում իրականացված անվճար ակնային զննումների եւ բուժումների ծրագրի արդյունքում ակնային հետազոտություն են անցել շուրջ 4,800 մեծահասակներ եւ երեխաներ:
Դուրս է գրվել 1,500 ակնոց, լազերային բուժում եւ վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ: Մարզի ինը դպրոցներում ակնային զննումներին զուգահեռ անց են կացվել նաեւ ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ 700 երեխաների համար, հայտնել են ընկերությունում:
«Ավարտելով աշխատանքները Կոտայքում՝ այժմ ՀԱՆ-ը սկսում է իր առաքելությունը Տավուշի մարզում: Մեր բժշկական խմբերը կայցելեն Իջեւանի, Տավուշի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանները: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Դիլիջանում, Իջեւանում, Բերդում եւ Նոյեմբերյանում», - ասել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Ծրագիրն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում բժիշկ մասնագետները կզննեն տվյալ բնակավայրում բոլոր ցանկացողներին, որից հետո այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ կհայտնաբերվեն վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, կուղղեգրվեն աչքի շարժական հիվանդանոց՝ անվճար բուժումը ստանալու համար: Նրանք, ովքեր ակնոցի կարիք կունենան, կստանան նաեւ հատուկ իրենց համար պատրաստված ակնոց: Մայիսի 13-ից 27-ը ՀԱՆ-ի բժշկական խմբերը կլինեն Իջեւանի տարածաշրջանում, hունիսի 3-ից 8-ը՝ Տավուշի եւ հունիսի 10-ից 15-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջաններում:
Մանրամասների համար Տավուշի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն եւ հետեւեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաեւ ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68: Տավուշի մարզ այցելության ժամանակացույցը կարելի է ներբեռնել այստեղից՝ http://goo.gl/yMPxW
«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին մենք արդեն 7-րդ մարզի այցն ենք ավարտում, որտեղ եւս կարողացանք օգտակար լինել հազարավոր մարդկանց: Ուրախ ենք, որ կարողանում ենք աջակցել իրական փոփոխություններ բերել բազմաթիվ մարդկանց ու նրանց ընտանիքներին: Այժմ արդեն Տավուշի մարզ ենք այցելում եւ խրախուսում ենք բոլորին այցելել ու անվճար ստուգել տեսողությունը»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: