14:11 | 17.05.13 | Նորություններ | 3459
Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Գավառի պետական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի 18 ուսանողների:
Համալսարաններին Orange Հիմնադրամը փոխանցել է 2 000 000 դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը, հայտնել են ընկերությունում:
Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա` ուսանողի առաջադիմություն եւ ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել են կրթաթոշակներ 9 համալսարաններում:
Բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար: Գավառի համալսարանում մեկ տարի առաջ Orange-ի կողմից ստեղծվել է նաեւ անվճար WiFi-ով զինված ինտերնետ անկյուն, որն ուսանողներին եւ համալսարանի աշխատակիցներին թույլ է տալիս ինտերնետից օգտվել ինչպես կրթական, այնպես էլ ժամանցային նպատակներով:
«Համալսարանների հետ մեր համագործակցությունը շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթություն ստանալու հետ կապված ֆինանսական դժվարությունները»,- ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:
Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը մեկնարկել է երկու տարի առաջ: 2011-12 ուսանողական տարվա ընթացքում Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների, իսկ 2012-13-ին՝ 9 համալսարանների 95 ուսանողների, որոնցից 70-ը՝ Հայաստանի մարզերում: