10:41 | 20.05.13 | Նորություններ | 1835

Yahoo-ն $1.1 մլրդ-ով գնում է Tumblr-ը

Yahoo ընկերության Խորհուրդը հաստատել է Նյու-Յորքում տեղակայված Tumblr բլոգային ծառայության ձեռքբերումը $1.1 մլրդ-ով:

Սա Yahoo-ի տնօրեն Մարիսա Մեյերի օրոք կատարված խոշորագույն գործարքն է. վերջինս ղեկավարում է ընկերությունը 2012-ի հուլիսից:

Գործարքից հետո Tumblr-ը կշարունակի գործել որպես անկախ բիզնես-միավոր, գրում է Wall Street Journal-ը: Ընկերությունն այժմ  ղեկավարում է 26-ամյա Դեւիդ Քարփը, որը հիմնադրել է այն 2007-ին: Սպասվում է, որ նա կմնա իր ներկայիս դիրքում:

Վերլուծաբանների կարծիքով, այս գործարքը կօգնի Yahoo-ին ավելի հզոր մրցակիցներ Facebook-ի եւ Google-ի հետ մրցավազքում:

Tumblr-ից ներկայիս դրությամբ օգտվում է 108 մլն բլոգեր եւ կայքում առկա է 50.7 մլրդ գրառում: Tumblr-ը նաեւ շարժական սարքերում տարածված գործիք է:

Yahoo-ն, որի հիմնական եկամուտն օնլայն գովազդն է, դժվարին օրեր է ապրում: Անցյալ տարի ընկերությունը կրճատել է շուրջ 1000 աշխատատեղ եւ երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե զարգացման որ ուղղության վրա կենտրոնանալ՝ մեդիա-բովանդակության, թե տեխնոլոգիաների: