12:02 | 23.03.13 | Նորություններ | 2793

Մարիա Լապուկ. «Odnoklassniki»-ն Հայաստանում ամենաճանաչված սոցցանցն է

Odnoklassniki.ru-ն Հայաստանի ամենատարածված սոցցանցն է. LiveInternet-ի տվյալներով, ցանցի օրական այցելությունների թիվը Հայաստանում կազմում է 780 հազ., որոնցից 272 հազարը կատարվում են բջջային հեռախոսներից:

Այս մասին հայտնել է Odnoklassniki.ru ընկերության մամլո խոսնակ Մարիա Լապուկը, մարտի 22-ին հանդես գալով Երեւանում վարպետության դասով՝ Մեդիամաքս մեդիա-ընկերության Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում:

Ճանաչելիությամբ Հայաստանում երկրորդ տեղը զբաղեցնող Facebook-ի օրական լսարանը, որը, Socialbakers-ի տվյալներով, կազմում է 150 հազ.:

Մարիա Լապուկը պատմել է, որ Հայաստանում Odnoklassniki-ի օգտագործողների 60%-ը արական, իսկ 40%-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են:

Ցանցի հայկական օգտատերերի 35%-ը 18-ից 24 տարեկան է, 28%-ը՝ 25-ից 34 տարեկան, 10%-ը 18-ից ցածր է, իսկ 7%-ը՝ 45-ից բարձր:

Մարիա Լապուկը պատմել է, որ Odnoklassniki-ն նաեւ բոլոր տարիքային խմբերի շրջանում ամենաճանաչելի սոցցանցն է Հայաստանում: Երկրորդ տեղում այս ցուցանիշով Facebook-ն է, երրորդ տեղում՝ Vkontakte-ն:

Ըստ Odnoklassniki.ru-ի մամլո խոսնակի, Հայաստանում երկու հիմնական մրցակից սոցցանցերի օգտատերերի զբաղմունքներն այդ կայքերում հիմնականում նույնն են այն հիմնական տարբերություններով, որ Odnoklassniki-ի այցելուների 48%-ը լսում են այնտեղ երաժշտություն (Facebook-ում այս ցուցանիշը Հայաստանում 34% է), 36%-ը խաղում է Odnoklassniki-ում խաղեր (Facebook-ում՝ 14%-ը), ինչպես նաեւ ռուսաստանյան սոցցանցի օգտագործողների 14%-ն օգտվում են այնտեղ առաջարկվող վճարովի ծառայություններից, մինչդեռ Facebook-ի հայաստանյան սեգմենտում այս ցուցանիշը 3% է:

Odnoklassniki.ru-ի աշխատակից Ալյոնա Ստեպանովան պատմել է ցանցում խմբերի ստեղծման, օգտագործման հնարավորությունների եւ բրենդերի, ապրանքների ու ծառայությունների առաջմղման մասին: Ավելի մանրամասն Odnoklassniki-ում խմբերի մասին կարելի է ծանոթանալ այստեղ: