11:53 | 23.03.13 | Նորություններ | 1138

Imagine Cup Հայաստան 2013-ի հաղթողը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ՝ համաշխարհային եզրափակչին

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը, Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ)՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության  («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի հետ համատեղ, հայտարարել են Երևակայության գավաթ 2013 մրցույթի հայաստանյան ընտրական փուլի մեկնարկը:

Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2013-ի համաշխարհային եզրափակչին, հայտնել են Microsoft ինովացիոն կենտրոնում:

Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակելու նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք կնպաստեն նորարարության խթանմանը և համաշխարհային խնդիրների լուծմանը: Այս տարի մրցույթն անցկացվելու է հետևյալ անվանակարգերում՝

1. Խաղեր,

2. Նորարարություն,

3. Համաշխարհային քաղաքացիություն:
Մայքրոսոֆթը կրկնապատկել է հաղթող թիմերի պարգևատրման գումարը՝ հասցնելով այն 300.000 ԱՄՆ դոլարի:

Թեև մրցույթը նախատեսված է ուսանողների համար, սակայն իբրև գաղափարի հեղինակ և թիմի համակարգող (մենտոր) կարող է հանդես գալ 16 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ մասնագիտությունից:  Նախորդ տարիների նման այս տարի ևս կազմակերպիչները հանդիպումներ կանցկացնեն դիմում-հայտ ներկայացրած թիմերի հետ և կտրամադրեն տեխնիկական և խորհրդատվական աջակցություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում-հայտերը ներբեռնել www.mic.am կայքից մինչև 2013թ. ապրիլի 8-ը: Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է www.imaginecup.com կայքում: