10:59 | 24.01.13 | Նորություններ | 4254

Dasaran.am կայքում ներկայացվել է դպրոցների կառավարման էլ. գործիքը

Dasaran.am կայքում ներկայացվել է դպրոցների կառավարման էլեկտրոնային գործիքը, որը թույլ է տալիս ամբողջովին վերահսկել դպրոցի առօրյա գործունեությունը:

Այն մշակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության անմիջական աջակցությամբ:

Դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքի միջոցով հնարավոր է իրականացնել դպրոցի գործունեության արդյունավետ վերահսկողություն, վիճակագրական վերլուծությունների գործիքի միջոցով ստանալ դպրոցին վերաբերող տարբեր տվյալներ եւ կատարել դպրոցի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ վերլուծություններ:

Վերոնշյալ էլեկտրոնային գործիքի միջոցով տնօրենը կարող է տեսնել դպրոցի անձնակազմի եւ աշակերտների թվայնացված ցուցակը, ուսուցիչներին կցված դասարաններն ու աշակերտներին, դասավանդվող առարկաները, դասաժամերը, դասացուցակները, ցանկացած աշակերտի՝ ցանկացած առարկայից ստացած բոլոր գնահատականները, բացակայությունները, տվյալ պահի դրությամբ գնահատականների միջինը եւ կիսամյակային գնահատականը, ինչպես նաեւ ընթացքում փոփոխվող գնահատականները:

Գործիքի ստեղծման նպատակներից մեկն է թափանցիկ դարձնել դպրոցների գործունեությունը, ինչպես նաեւ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը` կապված տարեվերջին գնահատականների եւ կիսամյակայինների փոփոխման հետ: 

Գործիքը հնարավորություն է տալիս դպրոցի տնօրենին կամ պատասխանատուին էլեկտրոնային հաղորդակցման միջոցով անմիջական կապի մեջ լինել աշակերտների ու ծնողների, «Dasaran.am» կրթական ծրագրի, Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳ նախարարության պատասխանատուների հետ:

Համակարգը թույլ է տալիս ցանկացած ծնողի կամ աշակերտի իր անհատական էջում տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների եւ այլ միջոցառումների մասին: Եվ այս ամենը արվում է ընդամենը մեկ հաղորդագրության միջոցով` բոլորին անհատապես տեղեկացնելու փոխարեն: 

Dasaran.am կրթական ծրագրի կողմից մշակված կառավարման գործիքի առավել ընդլայնված տարբերակը թույլ է տալիս Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումներին լիարժեք վերահսկել իրենց ենթակայության տակ գտնվող դպրոցների գործունեությունը: