12:54 | 23.01.13 | Նորություններ | 4682
ԱրմենՏել, Ղ-Տելեկոմ (ՎիվաՍել-ՄՏՍ) եւ Օրանժ Արմենիա ընկերությունները մինչեւ 2014թ. հունվարի 23-ը ՀՀ 18 բնակավայրերում եւ միջպետական ավտոճանապարհային առանձին հատվածներում, որոնք GSM ծածկույթի բացակայության պատճառով զրկված են շարժական բջջային կապի ծառայությունից, պետք է ապահովեն շարժական հեռախոսակապի եւ լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ընդունված`ԱրմենՏել, Ղ-Տելեկոմ եւ Օրանժ Արմենիա ՓԲԸ-ների կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու եւ արդիականացնելու մասին որոշման նախագծում:
ԱրմենՏել, Ղ-Տելեկոմ եւ Օրանժ Արմենիա ՓԲԸ-ներից յուրաքանչյուրին հանրային շարժական բջջային կապի ծածկույթով ապահովելու համար ենթակա բնակավայրերը 6-ն են:
ԱրմենՏել` Գեղարքունիքի մարզի Անտառամեջ, Կալավան, Բարեպատ, Ներքին Շորժա, Վերին Շորժա եւ Վայոց ձորի մարզի Մոզրով;
Ղ-Տելեկոմ` Լոռու մարզի Հալավար, Հայդարլի, Սյունիքի մարզի Թանահատ, Վայոց ձորի մարզի Գնիշիկ, Հորս եւ Տավուշի մարզի Գողատափ;
Օրանժ Արմեինա` Լոռու մարզի Կաճաճկուտ, Անտառամուտ, Սյունիքի մարզի Բնունիս, Գեղանուշ, Գոմարան եւ Դիցմայրի:
Որոշման համաձայն, օպերատորները պարտավորեցվել են նաեւ մինչ 2013-ի ապրիլի 1-ը միջպետական ավտոճանապարհների հանրային շարժական բջջային կապի ծածկույթ չունեցող հատվածների բացահայտման նպատակով իրականացնել հատուկ աշխատանքներ եւ ներկայացնել դրանք հանձնաժողովի քննարկմանը:
Ղ-Տելեկոմ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ այս տարվա ընթացքում ընկերությունը չի սահմանափակվելու նշված տարածքներով. «Մենք լինելու ենք նաեւ նշված 18 գյուղերում, որոնցից երկուսում արդեն կանք` Հալավար եւ Հորս»:
Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը կարեւորել է ծածկույթի ապահովումն ու դրա վերաբերյալ համաձայնության գալը: