11:02 | 23.01.13 | Հարցազրույցներ | exclusive 150628

ՌալՖ Յիրիկյան. «Տվյալների փոխանցման շուկայում մրցակցությունը թեժանալու է»

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր (ՀԾԿՀ) որոշեց Հայաստանում գործող բջջային օպերատորներին պարտավորեցնել GSM ծածկույթ ապահովել Հայաստանի բոլոր բնակավայրերում: Հայաստանի բոլոր 3 բջջային օպերատորները ներկայումս, իրենց հավաստմամբ, արդեն իսկ ապահովում են Հայաստանի բնակավայրերի ավելի քան 95%-ի ծածկույթ, սակայն Հայաստանում դեռ կան բնակավայրեր, որտեղ ընդհանրապես բացակայում է որեւէ օպերատորի ծածկույթը: ՀԾԿՀ-ն ընտրել է 18 այսպիսի գյուղական բնակավայր եւ հավասարաչափ բաշխել դրանցում ցանցի կառուցման պարտավորությունը 3 օպերատորների միջեւ: Այսպիսով` այսօր կկայանա ՀԾԿՀ նիստ, որտեղ օպերատորներից յուրաքանչյուրը կստանա 6-ական գյուղ, որտեղ պետք է ցանց կառուցի մինչեւ 2014-ի հունվարի 23-ը:

Սա առաջին դեպքն է Հայաստանում, երբ բջջային օպերատորի ցանցի ընդլայնումը տեղի է ունենում ոչ թե ելնելով մրցակցային պայքարից, այլ պետության կարգադրմամբ:

Հարցի շուրջ Մեդիամաքսը զրուցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: 

- Պարոն Յիրիկյան, որքանո՞վ է ճիշտ պարտավորեցնել օպերատորին ցանց կառուցել եւ պատրա՞ստ է արդյոք ոլորտը կատարել լրացուցիչ ներդրումներ նշված բնակավայրերում ծածկույթ ապահովելու համար:

- Հանձնաժողովի այս նախաձեռնությունը համեստ, բայց լավ քայլ է: Կարծում եմ՝ մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը բոլոր երեք օպերատորներին հավասարաչափ  պարտավորեցնում է 100%-անոց ծածկույթ ունենալ: Ի թիվս այլ հարցերի, սա նաեւ անվտանգության ապահովման խնդիր է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում, եւ կան բնակավայրեր, որտեղ գործում է բացառապես միայն մեր ցանցը: Եվ եթե այնտեղ ինչ-ինչ պատճառներով մեր ցանցը վթարվի` այդ տարածքները կմնան առանց կապի: Այստեղից էլ բխում է այն անհրաժեշտությունը, որ բոլոր օպերատորները պետք է ծածկույթ ունենան այդ եւ առհասարակ` բոլոր բնակավայրերում: Միգուցե խոսում եմ ընկերության շահերին դեմ, սակայն սա ավելի շատ բխում է պետության, քան զուտ ընկերության շահերից: Հուսով եմ` հանձնաժողովի այս նախաձեռնությունը շարունակություն կունենա:

Նոր բնակավայրերում ցանց կառուցելու որոշման հետ կապված նշեմ, որ մենք միշտ պատրաստակամ ենք եւ առաջնորդվում ենք ցանցը կատարելագործելու եւ ընդլայնելու ռազմավարությամբ`անկախ օպերատորներին պարտավորեցնելու հանձնաժողովի որոշումից: Ասվածի ապացույցներից մեկն էլ այն է, որ հիշատակված վեց գյուղերից երկուսում՝ Հորսում եւ Հալավարում, մենք անցյալ տարի արդեն իսկ ապահովել ենք ծածկույթ: Վստահ եղեք, որ մեզ «հասանելիք» գյուղերում աշխատանքն ավարտելուց հետո չենք բավարարվելու եւ շարունակելու ենք  դրանք` 100%-անոց ծածկույթ ապահովելու նպատակով: Մենք միշտ առաջնորդվում ենք պատասխանատվությամբ:

- Բոլոր 3 օպերատորների կողմից Հայաստանում 100%-անոց ծածկույթ ապահովելու կարեւորությունը Ձեր կողմից կարեւորվում էր նաեւ համարների փոխանցման ծառայության (Mobile Number Portability) ներդրման համատեքստում, ինչը նախատեսվում է 2014-ի հունվարի մեկից: Սակայն դժվար թե բոլոր երեք օպերատորները մինչեւ այս ժամկետը հասցնեն ապահովեն 100%-անոց ծածկույթ, այդպես չէ՞:

- MNP-ն (բջջային օպերատորի փոփոխում՝ հին հեռախոսահամարի պահպանմամբ – խմբ.) շատ լավ ծառայություն է, սակայն կարծում եմ, սկզբնական շրջանում այն չի ներդրվի Հայաստանի ամբողջ տարածքում՝ հաշվի առնելով ձեր կողմից մատնանշած հարցը, այլ կգործի բաժանորդների մի մասի համար:

Երեք օպերատորները ՀԾԿՀ հետ համատեղ ուսումնասիրել են MNP ներդրման Վրաստանի, Իսպանիայի եւ Բելառուսի փորձը: Այս բոլոր երեք երկրներում մոտեցումները եւ պահանջները տարբեր էին: Այս տարվա ընթացքում մենք միասին կփորձենք նախագծել մի համակարգ, որը կլինի առավել հարմար Հայաստանի համար:

- Ինչպե՞ս է, ըստ Ձեզ, ընթանալու մրցակցությունը Հայաստանի բջջային կապի եւ ինտերնետի շուկայում մոտակա տարիներին: 

- Ձայնային ծառայությունների հետագա զարգացման հեռանկարները մեծ չեն, այսօր Հայաստանում շարժական կապի շուկան բավականին զարգացած է՝ համեմատած անգամ զարգացած երկրների հետ, սակայն նույնը չես ասի տվյալների փոխանցման շուկայի մասին. այստեղ դեռ զարգանալու մեծ ներուժ կա ու մրցակցությունն այստեղ դեռ թեժանալու է: Վերջին տարիներին մենք արդեն դարձանք ինտերնետի շուկայում մրցակցության բուռն աճի ականատես, եւ սպառողները պետք է գոհ եւ բավարարված լինեն` տեսնելով, թե ինչպես դինամիկ է աճում այս շուկան:
   
- 2012թ. դեկտեմբերից մարզերում ինտերնետ-պրովայդերները ունեն նոր բավականին հզոր մրցակից՝ ի դեմս Ռոստելեկոմի: Ինչպե՞ս է դա, ըստ Ձեզ, փոխում մրցակցությունը տարածաշրջաններում եւ ինչպե՞ս են պատրաստվում արձագանքել լարային օպերատորների ընդլայնմանը ինտերնետի անլար օպերատորները, մասնավորապես ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

- Շուկայական իրողությունների փոփոխման մասին գնահատականներ տալը դեռեւս վաղ է, քանի որ Ռոստելեկոմը նոր է սկսել գործել Հայաստանի ինտերնետի մանրածախ շուկայում: Մյուս կողմից, ողջունելի է, որ լարային ծառայությունների շուկայում կսկսենք տեսնել նույնքան աշխույժ մրցակցություն, ինչպես այսօր կա անլար օպերատորների միջեւ:

Ինչ վերաբերում է լարային եւ անլար օպերատորների մրցակցությանը, այստեղ, կարծում եմ, կարեւոր է, որ ամեն մեկը շեշտադրի իր ուժեղ կողմերի՝ էլ ավելի արդյունավետ օգտագործումը:

- Անդրադառնանք ընդհանուր ՏՀՏ-ոլորտին. օրերս ոլորտի ներկայացուցիչների կողմից դժգոհություններ հնչեցին ոլորտում հարկային քաղաքականության վերաբերյալ: Մասնավորապես, այն մասին, որ 20% շահութահարկը ստիպում է Հայաստանի ՏՏ-հատվածին գնալ օֆշոր, ինչպես նաեւ այն, որ նոր հարկային օրենսդրությունը էլ ավելի է մեծացրել բեռը ՏՏ-ոլորտի վրա: Որքանո՞վ եք տրամաբանական համարում նման քաղաքականությունը, երբ ՏՏ-ոլորտը համարվում է գերակա ճյուղ:

- Ես միշտ ասել եմ՝  չկա լիարժեք տնտեսություն: Բոլոր երկրներում առկա են տարատեսակ խնդիրներ՝ հարկային կամ այլ բնույթի: Պետության կողմից իրականացվող բարեփոխումները երբեմն ստացվում են, երբեմն՝ ոչ: Պետք է, սակայն, հիշել, որ միշտ կա պետության որոշումների բողոքարկման կամ առաջարկություններ ներկայացնելու քաղաքակիրթ ձեւ: Բիզնեսի քաղաքակիրթ ճնշման արդյունքում անցյալում եւս վերանայվել են որոշ օրենքներ:

20% շահութահարկը, միգուցե, շատ է փոքր եւ միջին ձեռնարկությունների համար եւ կարծում եմ, հնարավոր է հասնել այս օրենքի փոփոխմանը:

Ընդհանուր առմամբ, ՏՀՏ ոլորտը Հայաստանում զարգանում է մեծ տեմպերով: Տարեցտարի նրա կշիռը տնտեսությունում ավելանում է եւ իր ձայնը պետք է հաշվի առնել:

Ռալֆ Յիրիկյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: