03:04 | 14.12.12 | Նորություններ | 4218

MNP Հայաստանում կգործարկվի 2014 թվականի հունվարի 1-ից

Երեւան: Մեդիամաքս: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա նիստում հաստատվել է Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability-MNP) ներդրման սկզբունքներն ու ժամանակացույցը, ըստ որի Հայաստանում ծառայությունը կգործարկվի 2014 թվականի հունվարի 1-ից:

Սկզբունքների համաձայն, հեռախոսահամարների տարափոխիկությունը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում` անվճար սկզբունքով, միայն ստացող օպերատորին դիմելու միջոցով: Համակարգի տեխնիկական մոդելը կհիմնվի զանգերի ուղղակի երթուղավորման (բոլոր զանգերի հարցման(All CallQuery)) մեթոդի եւ տեղափոխված հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազայի ներդրման վրա:

Բազայի ստեղծումն ու կառավարումը կապահովի օպերատորների հիմնադրած ոչ առեւտրային կազմակերպության կողմից, որի ստեղծման նպատակով կկազմակերպվի եւ կանցկացվի մրցութային գործընթաց, այդ թվում` ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից կմշակվի մրցութային փաթեթ, կհայտարարվի եւ կանցկացվի Բազայի մատակարարի ընտրության մրցույթ:

Մրցութային փաթեթն ու մրցույթի արդյունքները կհաստատվեն ՀԾԿՀ նախագահությամբ եւ օպերատորների մասնակցությամբ ստեղծված համակարգող խորհրդի կողմից: Շարժական կապի բաժանորդների վերաբերյալ բազայում ներառող տվյալների պաշտպանվածությունը կապահովի ոչ առեւտրայի կազմակերպության կողմից: 

Նիստին ներկա ՎիվաՍել-ՄՏՍ, ԱրմենՏել եւ Օրանժ Արմենիա օպերատորների նախագահներ Ռալֆ Յիրիկյանը, Իգոր Կլիմկոն եւ Ֆրանսիս Ժելիբտերն իրենց դրական դիրքորոշումը հայտնեցին համակարգի ներդրման սկզբունքների եւ ժամանակացույցի վերաբերյալ:

Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը նշեց. «Քանի որ համակարգի ներդրումը կապված է մի շարք տեխնիկական խնդիրների հետ, կցանկանայինք, որ մրցութային փաթեթները հնարավորինս շուտ ներկայացվեին»:

Իսկ Վիվա Սել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարեւորեց ծառայության որակն ու բոլորին հասանելի լինելու փաստը:

ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը հավելեց, որ ընտրել են հնարավորինս իրատեսական ժամկետներ, իսկ մրցութային փաթեթի պատրաստումը հիմնվելու է կանոնների վրա: Հանձնաժողովի անդամ, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի համակարգող Սամվել Արաբաջյանը հավելեց, որ խորհրդատուները դեռ աշխատում են եւ մոտ օրերս սպասվում է նրանցից ստանալ մրցութային փաթեթի մի մասը:

«Օպերատորներ միշտ նշել են, որ սկզբունքորեն առարկություններ չունեն եւ   տարակարծությունները եղել են միայն ներդրման ժամկետների վերաբերյալ: Այս տարի մենք մեծ աշխատանք տարանք օպերատորների հետ, ունեցանք ուսումնասիրություններ, որի արդյունքում մեզ համար ընդունելի դարձրեցինք այն  համակարգը, որն այսօր հաստատվեց: Օպերատորներն այս մասին իրենց դրական կարծիքը հայտնեցին, կարծում եմ ֆինանսական գնահատական իրենց համար եւս արդեն տվել են»,- Մեդիամաքս-ին ասել է Ս. Արաբաջյանը:

Անդրադառնալով ֆիքսված հեռախոսահամարների համար MNP ծառայության ներդրմանը Ս. Արաբաջյանը նշել.  «Շատ երկրներում կա ծառայություն, որտեղ համարների տեղափոխելիության համակարգը ներդրված է նաեւ ֆիքսված հեռախոսակապի համար, սակայն Հայաստանում դա դեռեւս հնարավոր չէ. փորձը ցույց է տալիս, որ դա աշխատում է միայն այն համակարգերում, որտեղ աշխարհագրական համարներով աշխատող ընկերությունների համար կա մրցակցային իրավիճակ: Քանի որ ՀՀ-ում աշխարհագրական համարներով` կոդերով, աշխատում է միայն ԱրմենՏելը, որն այլ մրցակից չունի, ծառայության ներդրումը դեռեւս  անիմաստ է», - ասել է նա: