07:44 | 13.12.12 | Նորություններ | 1712

Orange Հիմնադրամի շնորհիվ եւս երեք երեխա կվերադառնա ընտանիք

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների արդյունքների մասին:

Հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին Orange-ի բաժանորդները նվիրաբերել են` համապատասխանաբար 175 300 եւ 298 900 դրամ: Orange Հիմնադրամն այս գումարը կրկնապատկում է` Վորլդ Վիժն Հայաստանին փոխանցելով հոկտեմբեր ամսվա համար 350 600 դրամ եւ նոյեմբեր ամսվա համար 597,800 դրամ:

Հոկտեմբեր ամսվա  հանգանակված գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի Երեւանում բնակվող մի ընտանիքի օգնելու համար: Այն բաղկացած է երիտասարդ մորից եւ չորս երեխաներից: Մայրը 15 եւ 13-ամյա որդիներին ստիպված է եղել հանձնել խնամքի հաստատության հոգածությանը: Հանգանակված գումարով հնարավոր կլինի ձեռք բերել արագ սննդի պատրաստման համար անհրաժեշտ խոհարարական գործիքներ, ինչը թույլ կտա գումար վաստակել եւ երեխաներին մեծացնել տանը:

Նոյեմբեր ամսին հանգանակված գումարով Վորլդ Վիժն Հայաստանը կօգնի եւս մեկ ընտանիքի, որը բնակվում է Գորիսում: Բարդ սոցիալական պայմաններից դրդված ծնողները 15-ամյա որդուն ստիպված են եղել հանձնել խնամքի հաստատության հոգածությանը: Հանգանակված գումարով ընտանիքը կկարողանա ձեռք բերել ոչխարներ, ինչը հնարավորություն կտա նրանց հոգալու իրենց առօրյա ապրուստը եւ որդուն վերադարձնել ընտանիք:

«Նախագծի մեկնարկից ի վեր ավելի քան 5900 բաժանորդ է նվիրատվություն կատարել, իսկ շատերը մի քանի անգամ են գումար նվիրաբերել: Շնորհակալություն ենք հայտնում այս նախաձեռնությանը մասնակցած մեր բոլոր բաժանորդներին»,- ասել է Հայաստանում Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Կարիքի մեջ գտնվող ընտանիքներին Orange-ի բաժանորդները կարող են օգնել` ուղարկելով SMS 1234 կարճ համարին եւ հանգանակելով 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: