03:27 | 27.11.12 | Նորություններ | 1000

Մեկնարկել է «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարարության, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի եւ ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) ամենամյա վենչուրային կոնֆերանսը:

Վենչուրային կոնֆերանսի շրջանակներում 2006 թվականից իրականացվում է “Գաղափարից դեպի շուկա” դրամաշնորհների մրցույթը, որի 5 հաղթող թիմերից յուրաքանչյուրը ստանում է $15000 ներդրումներ կատարելու համար:

“Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ կոնֆերանսի հիմնական նպատակն է աջակցել տեխնոլոգիական զարգացմանը եւ դեպի շուկա առաջնորդել նորարարական գաղափարներ ունեցող թիմերին: 

Նրա խոսքերով, այս տարվա մայիսին հայտարարված մրցույթին դիմել էին ավելի քան 50 թիմեր: Հայաստանցի եւ ամերիկացի փորձագետների կողմից ծրագրերի գնահատումից հետո նրանցից 20-ին հնարավորություն է տրվել մասնակցել կոնֆերանսին:

Մրցույթին ներկայացվել են այնպիսի նորարական գաղափարներ, ինչպիսիք են Idram բջջային դրամապանակը, երկրաշարժերի կանխատեսում իրականացնող սեյսմիկ դիրեկտորը, անասունների սերմնահեղուկի ակտիվացման գործիքը, արեւի էներգիայով աշխատող օդից ջուր ստացող գեներատոր, անվճար SMS-ների նոր համակարգ, եւ այլն:

“Թիմերի նպատակը միայն դրամաշնորհ ստանալը չէ, քանի որ դրանք խրախուսական են: Նրանք նպատակ ունեն ներկայացնել ծրագիրը, հասկանալ շուկան, ներդրողների քանակը եւ համապատասխան խորհրդատվություն ստանալ փորձագետների կողմից: Բացի մրցույթից նորաստեղծ ընկերությունների հետ իրականացվում են տարբեր միջոցառումներ: Լավ գաղափարներ ունեցող թիմերին հնարավորություն է տրվում մեկնել Միացյալ Նահանգներ: Միջինում ծրագրերի 90%-ը դաշտից չի անհետանում, ավելին՝ զարգացման նոր հնարավորություններ են ստանում”,- ասել է Բագրատ Ենգիբարյանը:

Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան վաղը՝ նոյեմբերի 28-ին: