03:04 | 27.11.12 | Նորություններ | 834

BSC-ին ընդլայնում է իր գործունեությունը ինտերնետ-մարքեթինգի բնագավառում

Երեւան/Մեդիամաքս/. «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) թրեյնինգային եւ խորհրդատվական ընկերությունը ընդլայնում է իր գործունեությունը ինտերնետ-մարքեթինգի բնագավառում` առաջարկելով բիզնես-հանրությանը նոր հարթակ՝ www.internet-marketing.am կայքը:

BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում  նշել է, որ ընկերությունը արդեն մոտ 5 տարի զբաղվում է ինտերնետ-մարքեթինգի դաշտի ուսումնասիրությամբ, ինչի արդյունքում ընկերության ներսում բարձրակարգ մասնագետներից ձեւավորված թիմը մշակել է օնլայն-բիզնեսի զարգացումն ու շահութաբերությունը խթանող մի շարք ծառայություններ, որոնք եւ ներկայացված են նոր կայքում:

Սամվել Գեւորգյանի փոխանցմամբ, մի շարք ընկերություններ, համագործակցելով ընկերության հետ, արդեն իսկ ավելացրել են իրենց կայքի այցելությունների քանակը (ամսական մինչեւ 70 000 այցելու), մեկ այլ ընկերության դեպքում գրանցվել է վաճառքի 30% աճ, եւ այլն:

«Մեր ընկերության մասնագետները մշակում են հատուկ նախագծեր, ինչպես նաեւ մատուցում են խորհրդատվական եւ ուսուցողական ծառայություններ` հաշվի առնելով պատվիրատու ընկերության գործունեության ոլորտը, նրա բիզնես նպատակները եւ թիրախային շուկան: Ծրագրի իրականացման արդյունքում ավելանում են վաճառքի ծավալները, նոր հաճախորդների քանակը, շուկայի մասնաբաժինը, տեսանելիությունը եւ մատչելիությունը, համբավը հանրային եւ բիզնես միջավայրում, մրցակցային հնարավորությունները եւ ամենակարեւորը` շահույթը»,- նշել է BSC-ի ղեկավարը:

Նրա խոսքերով, կատարված հարցումների համաձայն` Հայաստանում միայն խոշոր կազմակերպությունների մի մասն է կարեւորում ինտերնետ-մարքեթինգը: Փոքր եւ միջին կազմակերպություններն այս առումով բավականին պասիվ են:

«Ինտերնետ-մարքեթինգի բուն առաքելությունն է օգնել ընկերություններին հայտնվել բոլոր այն վայրերում, որտեղ գտնվում են վերջիններիս պոտենցիալ հաճախորդները, ընդ որում, այս պարագայում նպատակային լսարանը ոչ միայն տեղական, այլ նաեւ արտասահմանյան շուկան է: Այնպես որ, կարծում ենք, գործարկվող կայքը կարող է լինել ավելին, քան պարզապես այցեքարտ՝ մենք մտադիր ենք ինտերակտիվ կապ հաստատել բիզնես-հանրության հետ, շարունակաբար առաջարկելով նոր եւ այլընտրանքային լուծումներ», - նշել է  Սամվել Գեւորգյանը: