07:07 | 22.11.12 | Նորություններ | 3589
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կգլխավորի դեկտեմբերի 10-11-ին Սիլիկոնյան Հովտում (ԱՄՆ) կայանալիք «ԱրմԹեք Կոնգրես 2012»-ի հայաստանյան պատվիրակությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` նշելով, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 5-րդ ամենամյա համաժողովը կանցկացվի Ստենֆորդի համալսարանում:
«Համաժողովը նվիրվելու է Հայաստանի տնտեսության, բարձր տեխնոլոգիաների զարգացման խնդիրներին»,- ասել է Տիգրան Դավթյանը:
Համաժողովին ակնկալվում է շուրջ 150 մասնակցի ներկայություն, որից 40-ը կլինեն հայկական կողմից: Տիգրան Դավթյանի փոխանցմամբ, «ԱրմԹեք Կոնգրես 2012»-ին ներկա կլինեն անդրազգային խոշոր կազմակերպությունների` ԱյԲիԷմ-ի, Ինթել-ի, Մայքրոսոֆթ-ի եւ այլ ընկերությունների ղեկավար ներկայացուցիչներ:
«Կարծում եմ, համաժողովի ընթացքում մեզ կհաջողվի ստորագրել առնվազն 3-4 համաձայնագիր, որոնց բովանդակությունը կլինի Հայաստանում ներդրումների իրականացումը, գործունեության նախաձեռնությունները: Պայմանագրերի արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում ծավալել լուրջ գործունեություն եւ արտադրություն: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ եւ քննարկումներ»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:
«Մեզ համար շատ կարեւոր է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, մենք արդեն մեծ հաջողությունների ենք հասել, բայց դրանց շարունակական լինելու համար պետք է ստեղծենք բարձր տեխնոլոգիաների տնտեսություն: «ՀայԹեք»-ը բերելով Ստենֆորդ` մենք նախատեսում ենք ունենալ լուրջ քննարկումներ` միտված բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Այս համաժողովի կազմակերպումը մեզ համար մեծ ձեռքբերում է»,- հավելել է Սինոփսիս Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: