Գարիկ Իսրայելյանը
04:30 | 22.11.12 | Նորություններ | 1467
Երեւան/Մեդիամաքս/. Եվրոպայի գիտական խմբերից մեկը վերջերս հրատարակեց HR 8752 հիպերհսկա աստղի 30 տարվա ուսումնասիրությունների արդյունքները:
Խումբը բացահայտել է, որ HR 8752 հիպերհսկա աստղի մակերեւութային ջերմաստիճանը բարձրացրել է 3000°C-ով, քանի որ աստղն անցել է չափազանց անկայուն էվոլյուցիոն փուլի միջով: Այս հայտնագործությունը շատ կարեւոր է հիպերհսկա աստղերի զարգացումը հասկանալու համար:
Վեց եվրոպական երկրների գիտնականներից կազմված գիտական խումբը՝ հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանի մասնակցությամբ (Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա), մոտ երեսուն տարի ուսումնասիրում էր HR 8752 հիպերհսկա աստղը, որն անցնում էր մի չափազանց անկայուն էվոլյուցիոն փուլով, որը կարող է կտրուկ փոխել աստղի զարգացման ընթացքը: Ուսումնասիրությունների ընթացքում աստղի ջերմաստիճանը կտրուկ աճել է 5000°C-ից մինչեւ 8000°C: Այս արդյունքը, որը տպագրվել է Աստղագիտություն եւ աստղաֆիզիկա (Astronomy and Astrophysics) ամսագրում, կարեւոր խոսք է աստղերի էվոլյուցիայի տեսության մեջ:
Հիպերհսկաները Տիեզերքում հայտնի ամենապայծառ աստղերն են: Դրանց պայծառությունները կարող են միլիոնավոր անգամներ ավելի մեծ լինել Արեգակի պայծառությունից, իսկ չափերը կարող են հասնել հարյուրավոր արեգակնային շառավղի: Դրանց մակերեւութային ջերմաստիճաններն ընկած են 3500-35000°C տիրույթում (Արեգակի մակերեւութային ջերմաստիճանը մոտ 6000°C է): HR 8752-ը 250 000 անգամ ավելի պայծառ է քան Արեգակը, եւ այն կարելի է տեսնել նույնիսկ փոքր հեռադիտակով Կասիոպեա հյուսիսային համաստեղությունում: Հիպերհսկաները հազվագյուտ աստղեր են. Մեր Գալակտիկայում հայտնի են ընդամենը 12-ը:
Անկայուն էվոլյուցիոն փուլի ընթացքում աստղի ջերմաստիճանն ու տեսանելի պայծառությունը կտրուկ փոխվում են: Աստղագետների խումբը հայտնաբերել է, որ հիպերհսկաների մթնոլորտները չափազանց անկայուն են այս փուլում, քանի որ դրանք լայնացնող ուժերը գերազանցում են ձգողականության ուժերին:
Երբ աստղերն իրենց էվոլյուցիայի ընթացքում մուտք են գործում այս ֆիզիկական պարամետրերի “արգելված գոտին”, հսկայական զանգված են կորցնում (ավելի քան մեկ արեգակնային զանգված մեկ տարում)՝ դառնալով ծայրահեղ անկայուն: Այս պատճառով այս գոտում հայտնված աստղը պետք է լքի այն որքան հնարավոր է արագ: Սա է պատճառը, որ շատ աստղեր գտնվում են այս գոտու երկու կողմերում, եւ շատ քչերն են հանդիպում հենց այս գոտում:
HR 8752 հիպերհսկան գրավիչ է իր՝ այս գոտում գտնվելով, ինչը գիտնականներին թույլ է տալիս կատարել այս տիրույթի ֆիզիկայի մանրամասն ուսումնասիրություններ` պարզելու համար, թե ինչ է կատարվում աստղի հետ` ինչպես է այն կորցնում իր զանգվածը, որքան արագ է դրա մթնոլորտը փոփոխվում եւ այլն:
Աշխատանքի համահեղինակ Գարիկ Իսրայելյանը բացատրում է. §Դեռեւս 1999թ. տպված մեր հոդվածում մենք արդեն կասկածում էինք, որ աստղի ջերմաստիճանը մոտ 20 տարում բարձրացել է 3000°C-ով: 2000թ. նմանատիպ երեւույթ բացահայտվել էր ուրիշ հիպերհսկայի՝ Կասիոպեա համաստեղության Rho աստղի մոտ: Այս աստղերը մեծ ուշադրություն են գրավում, քանի որ մենք ակնկալում ենք, որ 1000 տարվա ընթացքում դրանք կվերածվեն գերնորերի: Գտնվելով այսպիսի հեռավորությունների վրա՝ շատ հնարավոր է, որ այս աստղերը վաղուց արդեն դադարել են գոյություն ունենալ, սակայն դրա մասին մենք կիմանանք հազարավոր տարիներ անց՝ երբ աստղերից եկող լույսը կհասնի մեզ¦:
Վերջին տարիների ընթացքում Իսրայելյանը այս աստղի բազմաթիվ սպեկտրային ուսումնասիրություններ է կատարել Լա Պալմա կղզում տեղակայված Վիլյամ Հերշել (William Herschel Telescope, WHT) եւ Հյուսիսային օպտիկական (Nordic Optical Telescope, NOT) աստղադիտակներով, ինչպես նաեւ Տեյդեի աստղադիտարանի STELLA ռոբոտիկ աստղադիտակով: Այս տվյալները առայժմ գտնվում են մշակման փուլում եւ չեն հրատարակվել: §HR 8752-ի նման աստղերը լի են հետաքրքիր ֆիզիկական հանելուկներով, որոնք նոր պետք է բացահայտվեն¦,- նշում է Իսրայելյանը:
Չնայած այն բանին, որ նախորդող լուսաչափական ուսումնանիրությունները ցույց են տալիս, որ 1900-1958թթ. HR 8752-ի մակերեւութային ջերմաստիճանը գրեթե հաստատուն է եղել՝ մոտ 5000°C, սակայն 1985-ից հետո խումբը բացահայտեց, որ աստղը շատ մոտ է կամ նույնիսկ հատել է անկայունության գոտու ստորին ջերմաստիճանային սահմանը, ինչը հիմք դրեց երեք տասնամյակ տեւած սպեկտրային ուսումնասիրությունների ծրագրին: Սպեկտրային ուսումնասիրությունները բացահայտեցին, որ 1985-2005թթ. ընկած 20 տարիների ընթացքում աստղի մակերեւութային ջերմաստիճանը կտրուկ աճել է 5000°C-ից մինչեւ 8000°C. այդ ընթացքում աստղը հսկայական զանգված է կորցրել, եւ դրա շառավիղը փոքրացել է 750 արեգակնային շառավղից (1985թ.) մինչ 400 արեգակնային շառավիղ (2005թ.):
Համահեղինակ Հանս Նյունհեյզենը (Նիդերլանդների տիեզերական ուսումնասիրությունների ինստիտուտ, SRON) նշում է. §Մեր գիտական խումբը հսկայական համատեղ ջանքեր գործադրեց HR 8752-ը ուսումնասիրելու համար, եւ հիմա մենք ուրախ ենք տեսնել այսպիսի հրաշալի արդյունք այսքան տարիներ հետո¦:
Այս կարեւոր հայտնագործությունը հաստատում է ֆիզիկական պարամետրերի արդեն տեսականորեն հետազոտված անկայուն էվոլյուցիոն գոտու գոյությունը¦,-նշում է Կորնելիս դե Յագերը (SRON, Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահ):