Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի համակարգող Սամվել Արաբաջյանը
04:41 | 07.11.12 | Նորություններ | exclusive 5186
Օրերս Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասաց, որ 2013-ի կեսերին Հայաստանում կձեւավորվի բջջայի հեռախոսահամարների փոխանցման (Mobile Number Portability-MNP) ծառայության նորմատիվային դաշտը եւ կստեղծվեն ծառայության գործարկման համար անհրաժեշտ պայմանները: Քանի որ կարգավորող մարմինն այդ մասին որեւէ հայտարարություն չէր արել, Մեդիամաքս-ի թղթակիցը փորձեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պարզել` ի՞նչ քայլեր են արվում Հայաստանում MNP-ի ներդրման համար:
«6 ամիս առաջ սկսել ենք բջջային հեռախոսահամարների փոխանցման համակարգին անցնելու նպատակաուղղված աշխատանքները: Կատարում ենք ուսումնասիրություններ` հաշվի առնելով միջազգային փորձը, մասնավորապես` Վրաստանի, Իսպանիայի, Բելառուսի, որտեղ արդեն ներդրված է համարների տեղափոխության համակարգը: Այս պահին վերլուծական փուլում ենք, շատ լավ պատկերացնում ենք 3 մոդելների դրական եւ բացասական կողմերը, մոտ ժամանակներում հանձնաժողովը որոշում կկայացնի, թե ո՞ր մոդելն է ընդունելի եւ կիրառելի հայաստանյան շուկայի համար»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի համակարգող Սամվել Արաբաջյանը:
Նրա փոխանցմամբ, մոդելի ընտրությունից հետո պարզ կլինեն տվյալների բազայի ստեղծման, համարահավաքման կարգի, գործընթացը վերահսկող մարմնին վերաբերող տեղեկությունները: MNP համակարգին անցնելու համար ՀԾԿՀ-ն, Եվրոպական բանկի աջակցությամբ, աշխատանքներում ներգրավել է միջազգային խորհրդատուների:
ՀԾԿՀ-ը ծրագրում է մինչ տարեվերջ հայտարարել համակարգին անցնելու հիմնական ուղղություններն ու սկզբունքները, հնարավոր է խոսվի նաեւ ժամկետների մասին:
Հայաստանում MNP համակարգի ներդրման համար ֆինանսավորում կապահովեն բջջային երեք օպերատորները: Համարների տեղափոխության համակարգը, ըստ Սամվել Արաբաջյանի, շահագործվելու է անկախ կառույցի կամ բջջային օպերատորների կողմից: «Միջազգային շուկայում սա դիտարկվում է որպես լրացուցիչ գործիք` ընկերությունների միջեւ մրցակցության խթանման համար», - նկատել է նա:
Բջջային հեռախոսահամարների փոխանցման ծառայությունը, ըստ ՀԾԿՀ անդամի, ամենայն հավանականությամբ, անվճար կլինի, կամ էլ վճարը զուտ խորհրդանշական կլինի:
«Շատ երկրներում կան սահմանափակումներ, որոնք վերաբերում են օպերատորի փոփոխման հաճախականությանն ու պայմաններին. սրանք նրբություններ են, որոնք պետք է ուսումնասիրվեն ու տեղ գտնեն իրավական դաշտում», - նշել է Սամվել Արաբաջյանը:
Անդրադառնալով ոլորտի օրենսդրական կարգավորմանը, նա ասել է, որ արդեն պատրաստվել է էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Դրա ընդունումից հետո կարգավորող մարմինը կընդունի մի շարք իրավական ակտեր, որոնք կկարգավորեն ողջ գործընթացը:
ՀԾԿՀ-ի կատարած ուսումնասիրությունների համաձայն, Վրաստանում, Մոլդովայում ու Բելառուսում տեղափոխված համարների ընդհանուր շրջանառությունը մեծ չէ: Սամվել Արաբաջյանի կարծիքով, Հայաստանում այս ծառայությունը այնքան էլ մեծ ազդեցություն չի ունենա, քանի որ շուկայում արդեն առկա է բավական լուրջ մրցակցություն:
Ի դեպ, MNP ծառայության ներդրմանը պատրաստվում են նաեւ Ադրբեջանում: Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Իլտիմաս Մամեդովն ասել էր, որ MNP ծառայությունը թեստավորման փուլում է գտնվում: Ինչպես հաղորդում է Տրենդը, նա նշել էր, որ արդեն ընդունվել են ծառայության մատուցման կանոնները, երեք օպերատորներն ավարտել են անհրաժեշտ սարքավորումների ներդնումը, ստեղծվել է կենտրոն, որը կհամակարգի այդ գործընթացը:
«Ներկայումս համակարգի թեստավորման աշխատանքներն են տարվում: Եթե գործարկումը չկայանա մինչեւ այս տարվա վերջը, ապա այն հաստատ կներդրվի 2013 թվականի հունվար-փետրվարին», - ասել է Մամեդովը:
Սիրանուշ Եղիազարյան