03:43 | 07.11.12 | Նորություններ | 3558

6 տարվա ընթացքում Վիմպելկոմը Հայաստանում ներդրել է $ 327 մլն

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր ասել է, որ 2006 թվականից սկսված Հայաստանում Վիմպելկոմի ներդրումների ծավալը կազմել է գրեթե $ 327 մլն:

Ընկերության ղեկավարն այդ մասին ասել է` ելույթ ունենալով Հայաստանյան շուկայում ՎիմպելԿոմ ընկերությունների խմբի մուտքի 6-րդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում: ԱրմենՏել-ի կողմից 6 տարիների ընթացքում վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 97 մլրդ դրամ:

Իգոր Կլիմկոն ասել է, որ եթե 2006 թվականին ընկերության բջջային ցանցը ծածկում էր Հայաստանի բնակչության 88.8 %, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է 99.9 %:

Ընկերության ղեկավարի խոսքերով, էապես աճել է ֆիքսված հեռախոսացանցի թվայնացման մակարդակը: Եթե 2006 թվականին Հայաստանում թվայնացման մակարդակը կազմում էր 48 %, ապա այս տարի այն հասել է 82 %-ի: Երեւանում թվայնացման մակարդակը 2006 թվականի 50 %-ից ընթացիկ տարում հասել է 100 %-ի:

Էապես աճել է Hi-Line լայնաշերտ ինտերնետի օգտագործողների թիվը` 2009 թվականի 14 000-ից մինչեւ 150 000` այս տարի:

Իգոր Կլիմկոն չի բացահայտել հաջորդ տարվա ընկերության ծրագրերը` խոստանալով «անակնկալներով հանդես գալ մոտ ժամանակներս»:

ԱրմենՏել-ի գլխավոր տնօրենը հայտարարել է բաժանորդների սպասարկման որակի բարձրացման ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին: 

«ԱրմենՏել-ը նպատակ ունի լուրջ միջոցներ եւ ջանքեր ներդնել բջջային ու ֆիքսված կապի բաժանորդների սպասարկման համակարգի հետագա արդիականացման համար: Մասնավորապես, մոտ ապագայում մտադիր ենք ավելացնել գրասենյակների քանակը, ինչպես նաեւ լրացուցիչ աշխատակիցներ հատկացնել ծառայությունների առավել պահանջված տեսակների համար», - ասել է Իգոր Կլիմկոն: