07:48 | 06.11.12 | Նորություններ | 10412

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկեց էլեկտրոնային վճարման եւ փոխանցման ՄոբիԴրամ ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր հայտարարել է ՄոբիԴրամի` ՎիվաՍել-ՄՏՍ-ին ամբողջապես պատկանող դուստր ընկերության ծառայությունների պաշտոնական մեկնարկի մասին:

Այսօրվա դրությամբ ՄոբիԴրամի 25 մասնաճյուղ է գործում Հայաստանում (18-ը` Երեւանում, 7-ը` մարզերում): Հետագայում էլեկտրոնային վճարման եւ փոխանցման բազմատեսակ ծառայություններ մատուցող այս նոր ընկերության մասնաճյուղերի թիվը կավելանա Հայաստանի ամբողջ տարածքում:

ՄոբիԴրամը հնարավորություն է տալիս օգտվելու փոխանցման եւ վճարման ծառայություններից բջջային հեռախոսի` USSD հրահանգների միջոցով («*» եւ «#» կոճակների օգնությամբ կատարվող հրահանգներ), ՄոբիԴրամի ինտերնետային կայքէջի միջոցով (www.mts.am/mobidram կամ www.mobidram.am) , կամ` այցելելով ՄոբիԴրամի որեւէ մասնաճյուղ:

ՄոբիԴրամի մասնաճյուղերում հնարավոր է կատարել տեղական եւ միջազգային դրամական փոխանցումներ «Contact» համակարգով (շուտով նաեւ «Անելիք» համակարգով), կատարել ամսական վճարումներ կոմունալ (ջուր, գազ, էլեկտրաէներգիա), ինչպես նաեւ բջջային եւ ֆիքսված կապի, ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց, իրականացնել դրամական փոխանցումներ Հայաստանում գործող բանկեր, այդ թվում` հիփոթեքի, մեքենայի, սպառողական եւ այլ վարկերի դիմաց: Հաճախորդները նաեւ կարող են վճարել ճանապարհային ոստիկանության տուգանքները եւ կատարել այլ վճարումներ` խնայելով ժամանակ եւ ջանքեր:

USSD հրահանգների օգնությամբ ՄոբիԴրամի միջոցով ֆինանսական գործառնություններ կարելի է կատարել ցանկացած մոդելի բջջային հեռախոսով: Այսինքն` ՄոբիԴրամի միջոցով գործարք կատարելու համար անհրաժեշտ չէ ունենալ սմարթֆոն կամ օգտվել ինտերնետային հասանելիության ծառայությունից: ՄոբիԴրամի ծառայություններից կարելի է օգտվել առանց որեւէ հատուկ ծրագիր ներբեռնելու:

«ՄոբիԴրամը հնարավորություն է ընձեռում հոգալու մեր հաճախորդների կարիքները` առաջարկելով հեշտ եւ արագ էլեկտրոնային վճարումների եւ ֆինանսական գործարքների ծառայություններ` գումարների կառավարման առավել արդյունավետ տարբերակով: ՄոբիԴրամի միջոցով սովորական բջջային հեռախոսը վերածվում է վճարումներ կատարելու հարմարավետ գործիքի»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Որպես հեռահաղորդակցության առաջին օպերատոր, որն առաջարկում է էլեկտրոնային ֆինանսական համապարփակ ծառայություններ USSD հրահանգների միջոցով, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է առավել նորարարական, արագ եւ արդյունավետ ֆինանսական վճարային ծառայությունների հանդեպ աճող պահանջարկով: Մյուս կողմից` ՄոբիԴրամը ստեղծելու գաղափարը համաշխարհային միտումների արտացոլումն է` ֆինանսական վճարային համակարգերի ինտեգրումը էլեկտրոնային դրամական համակարգերում: ՄոբիԴրամի ընձեռած հնարավորությունը իդեալական ֆինանսական ծառայություն է այն մարդկանց համար, ովքեր չունեն բանկային հաշիվ կամ ցանկանում են կատարել առցանց փոխանցումներ առավել հարմարավետ ճանապարհով: ՄոբիԴրամը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի զարգացման համար», - ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը: