07:11 | 08.10.12 | Նորություններ | 3623

ԱրմենՏել-ի աջակցությամբ Հայաստանում անց է կացվում համահայկական նկարչական երրորդ մրցույթ-փառատոնը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հանդես է եկել որպես համահայկական նկարչական  երրորդ մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավոր: Մրցույթ-փառատոնի շրջանակում Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնում կայացել է հայ պոեզիային նվիրված նկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Մինչեւ նոյեմբերի 3-ը մանկական ստեղծագործության թանգարանի հյուրերը կարող են տեսնել մրցույթ-փառատոնի երկրորդ փուլն անցած 347 աշխատանք: Ընդհանուր առմամբ, այս տարի «Սիրե´ք պոետի գույները» խորագրով համահայկական նկարչական  երրորդ մրցույթ-փառատոնի մասնակցության հայտ են ներկայացրել 1460 երեխա եւ պատանի` Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2012թ. նոյեմբերի 3-ը:

«Գեղագիտական դաստիարակությունը նպաստում է երեխայի  կրթված եւ բազմակողմանի զարգացած մարդ լինելուն: Արդեն երրորդ տարին է, ինչ «ԱրմենՏել» ընկերությունն անընդմեջ աջակցում է համահայկական նկարչական  մրցույթ-փառատոնին եւ երրորդ տարին է, ինչ մենք ականատես ենք լինում շատ տաղանդավոր երեխաների աշխատանքներին, ինչպես նաեւ մրցույթի մասնակիցների քանակի աճին: Ուրախ ենք, որ աջակցելով մրցույթի անցկացմանը, մենք նպաստում ենք աճող սերնդի զարգացման եւ դաստիարակման գործին, օգնում նրանց շփվել գեղեցիկի հետ, զարգացնել նկարչի հմտությունները եւ ուսումնասիրել հայ բանաստեղծների անմահ ստեղծագործությունները»,- նշել է ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Փառատոնը կազմակերպվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից: Մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տաղանդաշատ երեխաներին, խրախուսել հայ պոեզիայի իմացությունը եւ նպաստել  նրանց պատկերավոր մտածողության զարգացմանը:

Նշենք, որ «Սիրե´ք պոետի գույները»  մրցույթ-փառատոնի Սփյուռքից հաղթողները հնարավորություն կունենան այցելել Հայաստան: Սփյուռքի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի հաղթողների համար կկազմակերպվի կրթական ծրագիր: