07:03 | 03.10.12 | Նորություններ | 2730

Մեկնարկել է Սինոփսիսի շաբաթը Հայաստանում

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից մինչեւ հոկտեմբերի 6-ը Երեւանում անցկացվում է Սինոփսիսի շաբաթը, որի շրջանակներում անցկացվելու է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան, ինչպես նաեւ տեղի են ունենալու մրցականաբաշխություններ եւ դասախոսություններ:

«Իրականացնելով հետեւողական եւ կայուն ծրագրեր՝ Սինոփսիսը նվիրված է մնում Հայաստանում եւ տարածաշրջանում բարձր տեխնոլոգիաների արդյունավետության բարձրացմանը: Հայաստանում Սինոփսիսի շաբաթը վերածվել է գեղեցիկ ավանդույթի»,- այսօր Երեւանում ասել է Սինոփսիսի համանախագահ Չի Ֆուն Չանը:

Սինոփսիս Արմենիա-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ ընկերության կողմից ՏՏ զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները միտված են զարգացնելու նաեւ կրթական համակարգը, «ինչը մեր երկրի ապագայի կերտման ամենաարդյունավետ միջոցն է»:

Սինոփսիսի շաբաթի բացման արարողությանը հաջորդել է Սինոփսիս Արմենիա-ի ուսումնական դեպարտամենտի 89 շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությունը: Ուսումնական դեպարտամենտի շրջանավարտների թվում են 75 ուսանողներ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից եւ 14 ուսանողներ Երեւանի պետական համալսարանից: