05:53 | 03.10.12 | Նորություններ | 3532

Մեկնարկել են Եղվարդ քաղաքի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացման աշխատանքները

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Եղվարդ քաղաքի (Կոտայքի մարզ) բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:

Սարքավորումների փոխարինման, վերազինման եւ թվային հեռախոսակայանին վերամիացման աշխատանքները պլանավորվում է ավարտել մինչեւ տարեվերջ, հայտնել են ընկերությունում:

Եղվարդ քաղաքում  թվայնացման աշխատանքների ավարտից հետո «ԱրմենՏել» ընկերության թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով կապահովվի ավելի քան 2100 ընտանիք:

«Իրականացնելով ներդրումներ լարային ցանցում` ԱրմենՏելը բարձրացնում է բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակը` կատարելով եւս մեկ քայլ ուղղված ընկերության ֆիքսված հեռախոսացանցի լիարժեք թվայնացմանը: Ուրախ ենք տեղեկացնել, որ մինչեւ տարեվերջ Եղվարդ քաղաքի ավելի քան ութ հազար բաժանորդ կարող է օգտվել ֆիքսված հեռախոսակապի եւ գերարագ ինտերնետ հասանելիության բարձրորակ ծառայություններից», – նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ Եղվարդ քաղաքի բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների ավարտից հետո թվային կայաններին միացված կլինի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 84 տոկոսը: Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 14000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500կմ: