07:15 | 12.09.12 | Նորություններ | 3472

Օրանժ Արմենիա-ի նոր ղեկավարը հանդիպել է Երեւանի քաղաքապետին

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է «Օրանժ Արմենիա» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ:                

Քաղաքապետն համոզմունք է հայտնել, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի եւ էլ ավելի կընդլայնվի` նպաստելով Երեւանի բնակիչների, ինչպես նաեւ մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելու ծրագրերին, հայտնել են քաղաքապետարանում:

«Ողջունելի է այն փաստը, որ Երեւանի քաղաքապետարանի եւ “Օրանժ Արմենիա” ընկերության միջեւ համագործակցության արդյունքում ստացված պիլոտային նախագիծը հաջողությամբ իրականցվեց, ինչի արդյունքում Երեւանի ավտոբուսների ուղեւորներն այսօր արդեն օգտվում են անվճար Wi-Fi ինտերնետից: Այսօր ընկերությունը  հանդիսանում է քաղաքապետարանի լավագույն գործընկերներից մեկը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Ֆրանսիս Ժելիբտերը բարձր է գնահատել քաղաքապետի պատրաստակամությունը հետագա համագործակցության ուղղությամբ եւ նշել, որ ընկերությունը եւս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր իրականացել:

«Գործընկերային այն ավանդույթները, որոնք ձեւավորվել են այս տարիների ընթացքում քաղաքապետարանի հետ, հուսով եմ, կպահպանվեն, կշարունակվեն եւ կզարգանան»,- նշել է Ֆրանսիս Ժելիբտերը: