17:50 | 19.07.12 | Նորություններ | 1147

YouTube-ում կարելի է քողարկել մարդկանց դեմքերը

Երեւան: Մեդիամաքս: YouTube-ն ավելացրել է գործիք, որը թույլ է տալիս վերբեռնված տեսանյութերում ավտոմատ կերպով քողարկել (blur) մարդկանց դեմքերը:

Ըստ ընկերության, գործիքը կարող է պահանջարկ ունենալ ակտիվիստների մոտ, որոնք տարածում են բողոքի ցույցերի մասին պատմող տեսանյութեր, որոնց մասնակիցները ցանկանում են անհայտ մնալ:

«Սա նոր զարգացող տեխնոլոգիա է, ինչը ենթադրում է, որ ծրագիրը երբեմն կդժվարանա ճանաչել դեմքեր՝ կախված անկյունից, լուսավորությունից, տարատեսակ խոչընդոտներից եւ տեսանյութի որակից», - ասվում է YouTube-ի կորպորատիվ բլոգում:

Հնարավորությունից օգտվել ցանկացողները պետք է տեսանյութը վերբեռնելուց հետո սեղմեն համապատասխան գործիքի կոճակը կայքի «Վիդեոյի ընդլայնված հնարավորություններ» (Video Enhancement tools) բաժնում: Օգտագործողները հնարավորություն ունեն տեսնել հոլովակը քողարկված դեմքերով, մինչեւ այն հանրամատչելի դարձնելը:

Google-ը, որին եւ պատկանում է YouTube-ը, նախկինում օգտագործել է նման տեխնոլոգիա իր Street View գործիքում: