16:29 | 21.06.12 | Հոդվածներ | exclusive 10181

Օդնոկլասնիկի. «Թիվ մեկ սոցիալական ցանցն ենք Հայաստանում»

Օդնոկլասնիկի սոցիալական ցանցը (Mail.RuGroup-ի նախագիծ) հունիսի 22-ին  կհայտարարի, որ Հայաստանի բնակիչները կարող են օգտվել կայքից մայրենի լեզվով: Նախօրեին Մեդիամաքս-ի հարցերին պատասխանել է Mail.RuGroup-ի «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքեթինգի եւ ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:

- Ինչպե՞ս եք գնահատում Օդնոկլասնիկիի դիրքերը Հայաստանում:

- Այսօր մենք առաջին տեղն ենք զբաղեցնում Հայաստանում սոցիալական ցանցերի շրջանում: Հայաստանում ինտերնետից օգտվողների 90%-ն օգտվում է Օդնոկլասնիկիից: Ամեն օր Հայաստանում Օդնոկլասնիկի է այցելում ավելի քան 800 հազար մարդ, ընդ որում, նրանց մեկ երրորդը դրա համար օգտագործում է բջջային հեռախոսը:

- Ի՞նչ խնդիրներ թույլ կտա լուծել տեղայնացումը հայկական շուկայում:

- Մենք ցանկանում ենք մեր օգտատերերին հնարավորություն ընձեռել շփվել իրենց հարմար լեզվով: Օդնոկլասնիկիի զարգացման մեջ մենք ուղղորդվում ենք օգտատերերի պահանջներով:

- Որքա՞ն «խորն» է  լինելու տեղայնացումը:

- Օդնոկլասնիկիի տեղայնացումը կիրականացվի երկու փուլով. մենք արդեն թարգմանել ենք սոցիալական ցանցի շարժական տարբերակը: Մեկ ամսվա ընթացքում կթարգմանվի նաեւ հիմնական կայքը:

Մոտ ապագայում կթարգմանվեն եւ Android, iOS, Windows Phone, Symbian օպերացիոն հարթակների համար ներբեռնման հասանելի կլինեն սոցիալական ցանցի հավելվածները:

Մենք ծրագրում ենք նաեւ զբաղվել տեղական բովանդակության ներգրավմամբ՝ խաղեր, տեսանյութեր, երաժշտություն եւ այլն:

- Վերլուծաբանները կանխատեսում են, որ տարեվերջին Օդնոկլասնիկիի խաղային հավելվածներից ստացված հասույթը կհասնի $135 մլն-ի: Կարելի՞ է ասել, որ տեղայնացման մասին որոշման դրդապատճառներից մեկը հենց խաղերի հատվածի աճն է: 

- Խաղերը Օդնոկլասնիկիի հասույթի շատ կարեւոր մասն են կազմում: Եվ, եթե տեղացի ծրագրավորողները ցանկանան խաղեր ստեղծել տեղական սյուժեներով, ապա կկարողանանք խոսել այն մասին, որ մենք տեղայնացման հաշվին կավելացնենք հասույթները խաղերից: 

- Հայաստանում կարծիք կա, որ վերջին 2-3 տարիների ընթացքում ինտելեկտուալ օգտատերերի մեծ մասն «արտագաղթել» է դեպի Facebook, եւ այսօրվա դրությամբ Օդնոկլասնիկիից օգտվում են հիմնականում պատանիները:  Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանում ձեր լսարանը:

- Այս հղումով կարելի է տեսնել, թե ինչպես է աճում Facebook-ը Հայաստանում` http://www.socialbakers.com/facebook-statistics/armenia: Դժվար է այդ աճն էական անվանել: Ինչ վերաբերում է դեմոգրաֆիային, ապա Օդնոկլասնիկիում եւ Facebook-ում այն շատ նման է: Լսարանի միջուկը 18-ից 24 տարեկան երիտասարդներ են, ընդ որում՝ տղամարդկանց եւ կանանց թիվը գրեթե հավասար է: 

- Ի՞նչպես է Հայաստանում գովազդ տեղադրվում Օդնոկլասնիկիում: Դուք ունե՞ք լիազորված գործակալություն/գործակալություններ, թե գովազդատուներն ուղիղ կերպով են ձեզ դիմում:


- Մենք գովազդի մի քանի ձեւեր ունենք: Ավանդական բաներային գովազդի դեպքում մենք ունենք լիազորված գործակալություն, որը ներկայացնում է մեր շահերը ՀՀ տարածքում: Մեզ մոտ կան նաեւ թիրախային գովազդ, երբ յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն ընտրել, թե ում ցույց տալ գովազդային հայտարարությունը, ինչ ծավալով եւ այլն: Գովազդի եւ գների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://corp.mail.ru/adv/reg_am.htm?type=ok :

- Ակնկալո՞ւմ եք արդյո՞ք վաճառքների աճ Հայաստանում ցանցի հայերեն տեղայնացումից հետո: 

- Սա ավելի շուտ իմիջային նախագիծ է, որն ուղղված է սոցիալական ցանցի հանդեպ լոյալության ավելացմանը: Մենք ակնկալում ենք ներգրավել մայրենի լեզու օգտագործող լսարանը եւ դրա հաշվին ավելացնել երկրում օգտատերերի թիվը: