11:48 | 02.05.12 | Հոդվածներ | exclusive 2635

Դրամը թվայնացվեց` Իդրամ-ը սկսել է էլ.փող թողարկել

Մեկ ամիս առաջ ԿԲ-ն Իդրամ վճարահաշվարկային համակարգին տրամադրեց  էլեկտրոնային փողերի թողարկման լիցենզիա: Դրանով տրամաբանական ավարտին հասավ 2006-ից ձգվող անհրաժեշտ կանոնակարգերի մշակումը: Եվ չնայած դրանցում առկա մի շարք սահմանափակումներին, որոնք ԿԲ-ն բացատրում է ռիսկերի կառավարմամբ, էլ. փողերի թողարկման մեկնարկը կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար. մեր երկիրն ունեցավ Webmoney ու Яндекс.Деньги-ի իր անալոգը, որն, ի դեպ, ազատորեն փոխարկելի է նշված էլեկտրոնային արժույթների հետ:

Էլեկտրոնային փողը, հատկապես հարմար է ոչ մեծ չափի մասսայական վճարումներ իրականացնելիս, օրինակ` տրանսպորտի, կինոթատրոնների եւ ակումբների տոմսեր գնելիս, կոմունալ եւ այլ ծառայությունների դիմաց վճարելիս, տարատեսակ տուգանքներ եւ տույժեր վճարելիս եւ այլ առցանց վճարումների դեպքում: Էլեկտրոնային փողերով վճարումն իրականացվում է շատ արագ, առանց հերթերի, չկա մանրը վերադարձնելու անհրաժեշտություն եւ գումարը շատ արագ «նստում» է ստացողի հաշվին:

Իդրամի տնօրեն Գայանե Ստեփանյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմել է, որ ընկերությունն ունի նման մտադրություններ եւ հեռու չէ այն օրը, որ մենք կկարողանանք վճարել մետրոպոլիտենում կամ այլուր, օրինակ, բջջային հեռախոսի միջոցով:

\"\"
«Իդրամ» ՍՊԸ տնօրեն Գայանե Ստեփանյանը
(Լուսանկարը` Իդրամ)


Ինչպես եւ նախկինում, այնպես էլ էլ. փողերի թողարկման մեկնարկից հետո Իդրամը մնում է կանխավճարային սկզբունքով գործող համակարգ, որի հաճախորդների միավորները, որոնք նախկինում իրավական տեսանկյունից էլ. փող չէին, ավտոմատ կերպով դարձել լիարժեք փոխարկելի դրամական միավորներ, ուղղակի՝ թվային:

«Էլեկտրոնային փողեր թողարկող եւ սպասարկող մեր համակարգը համապատասխանում է անվտանգության բոլոր միջազգային կանոններին, աշխատում է Verisign-ի SSL անվտանգության սերտիֆիկատով: 8-աստիճանանոց պաշտպանության համակարգից բացի մենք կիրառում ենք նաեւ pin-ծածկագրի մուտքագրման համար էլեկտրոնային ստեղնաշար, որպեսզի այն հնարավոր չլինի գողանալ ստեղնաշարային վիրուսների միջոցով», - պատմում է Իդրամի ղեկավարը: 

Այլեւս պետք չէ իրական փող սառեցնել էլեկտրոնային թողարկելու համար

Էլեկտրոնային փողերի թողարկման լիցենզիայի տրամադրման համար ԿԲ-ն պահանջում էր թողարկողից դեպոնացնել 30 մլն դրամ, ինչը անընդունելի էր թողարկողի համար:

\"\"
Հեռու չէ այն օրը, երբ մենք կկարողանանք վճարել մետրոպոլիտենում կամ այլուր, օրինակ, բջջային հեռախոսի միջոցով
(Լուսանկարը` http://www.qrcodepress.com)


«Կարծում ենք, ճիշտ կլինի, որ էլեկտրոնային փող թողարկող կազմակերպությունը «երաշխավորվի» ոչ թե 30 մլն դրամ դեպոնացնելով, այլ իր ընդհանուր կապիտալով: Այդ դեպքում ընկերությունը կկրի պատասխանատվություն իր ունեցած կապիտալով, եւ ստիպված չի լինի սառեցնել մեր շուկայի համար շատ խոշոր դրամական միջոցներ», - ասել էր Գայանե Ստեփանյանը Մեդիամաքս-ին նախկինում տված հարցազրույցներից մեկում:

Կենտրոնական բանկն ընդունել է այս առաջարկն ու էլ. փող թողարկող վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանել 100 մլն դրամ նվազագույն կանոնադրական կապիտալի պահանջ, որի պարագայում դեպոնացնելու անհրաժեշտություն այլեւս չկա: Սակայն վճարահաշվարկային կազմակերպության դեպոնացվող միջոցների պահանջի առկայությունը անհրաժեշտության դեպքում կսահմանվի Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

Իդրամը, որպես արդեն գործող կազմակերպություն, ստացավ կապիտալն աստիճանաբար համալրելու հնարավորություն եւ, տնօրենի փոխանցմամբ, մինչեւ այս տարվա հոկտեմբեր կհասցնի այն 100 մլն-ի:

Ամեն ինչ դեռ այնքան լավ չէ, որքան կարող է թվալ

Էլեկտրոնային փողերի թողարկմանը եւ սպասարկմանը վերաբերող մի շարք այլ հարցերում ԿԲ-ն, այնուամենայնիվ, զիջումների չգնաց: «էլեկտրոնային դրամապանակների» առավելագույն չափը չի կարող գերազանցել 200 000 դրամը, իսկ սա նշանակում է, որ հաճախորդն իր էլեկտրոնային փողերով  չի կարողանա ինտերնետ-խանութում գնել, օրինակ, միջին գնի նոութբուք կամ iPhone:

\"\"
Էլեկտրոնային փողը, հատկապես հարմար է ոչ մեծ չափի մասսայական վճարումներ իրականացնելիս, օրինակ` կոմունալ եւ այլ ծառայությունների դիմաց վճարելիս, տարատեսակ տուգանքներ եւ տույժեր մուծելիս եւ այլ առցանց վճարումների դեպքում

Բացի այդ քանակական սահմանափակում է դրված կոմունալ վճարումների իրականացման վրա, որոնց թիվն ամսական կտրվածքով չպետք է գերազանցի 15-ը:

Նման սահմանափակումները պայմանավորված են այս վճարային գործիքի կիրառման անվտանգության նկատմամբ կարգավորողի անվստահությամբ, բայց դրական փորձի պարագայում կարող են հանվել:

«Դա արհեստականորեն բարդացնում է հաճախորդների կյանքը: Մենք այժմ ուսումնասիրում ենք շուկան, որի արդյունքները կներկայացնենք ԿԲ-ին՝ առաջարկելով վերանայել այս սահմանափակումները եւ սահմանել շուկայի զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ», - պատմում է Գայանե Ստեփանյանը:

Այս հարցերը քննարկման փուլում են եւ լուծում, Իդրամ-ի տնօրենի համոզմամբ, անպայման կգտնվի: Բայց սա դեռ ամենը չէ. կա եւս մեկ, թերեւս, ամենացավալի սահմանափակումը:

List.am-ն Ebay չի դառնա

Միջազգային պրակտիկայում էլեկտրոնային փողը լիարժեք վճարային միջոց է  թողարկողներից բոլորովին անկախ անձանց  համար: Հայաստանի դեպքում դեռ այդպես չէ:

«Մեր կանոնակարգերով էլեկտրոնային փողերի շրջանառությունը կարող է ապահովվել միայն էլեկտրոնային փողերի շրջանառության փակ մոդելով, այն է`մատուցված ծառայության դիմաց ստացված էլեկտրոնային փողը պարտադիր պետք է ներկայացվի այն թողարկողին դրա դիմաց համարժեք դրամական միջոցներ ստանալու համար, այսինքն, ոչ մի ծառայություն մատուցող կամ ապրանք վաճառող չի կարող անել դա էլեկտրոնային փողի դիմաց՝ առանց մեզ հետ պայմանագրային հարաբերությունների: Ավելի պարզ՝ էլ. փողի այն հատկությունը, որի շնորհիվ Հայաստանում հնարավոր կլիներ ստեղծել Ebay.com-ի պես համակարգ, մեր երկրում դեռ չի գործում: Ebay-ում մեկ ֆիզիկական անձ կարող է վաճառել, օրինակ, իր նոութբուքը մեկ այլ անձի եւ ստանալ վճարը PayPal-ով, Moneybookers-ով, WebMoney-ով կամ մեկ այլ ճանապարհով, իսկ Հայաստանում էլ. փողի դիմաց ծառայություն մատուցողը կամ ապրանք վաճառողը, եթե դա կրում է պարբերական բնույթ, պետք է պայմանագիր կնքի թողարկողի հետ», - պարզաբանում է Գայանե Ստեփանյանը:

\"\"
Ebay-ում մեկ անձ կարող է էլ. փողի դիմաց վաճառել, օրինակ, իր նոութբուքը մեկ այլ անձի, իսկ Հայաստանում վաճառողը դրա համար պետք է պայմանագիր ունենա թողարկողի  հետ
 
Թեեւ, ինչպես նշում է Իդրամ-ի տնօրենը, էլեկտրոնային փողի դիմաց ապրանք կամ ծառայություն մատուցող ընկերությունները կարող են միանալ համակարգին մեկ շաբաթվա ընթացքում, ոլորտը դանդաղ է զարգանում: Եթե էլ. փողի դիմաց ապրանք վաճառելու հնարավորություն տրվեր, օրինակ, List.am կայքից օգտվողներին, դա մեծապես կնպաստեր ոլորտի աճին:

«Իհարկե, այս սահմանափակումը կրկին բացատրվում է ռիսկերի կառավարմամբ եւ փոխադարձ վճարումների ժամանակ հարկերից խուսափումը կանխելով, բայց համոզված եմ, որ միջազգային պրակտիկայում այս խնդրին տրված են համապատասխան լուծումներ», - ասում է Գայանե Ստեփանյանը:

Հարկայինն ու մաքսայինն այնպես էլ չբարեխոխվեցին 

Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի եւ, մասնավորապես, էլեկտրոնային փողերի շրջանառության աճին զգուշավոր նորմատիվային դաշտից էլ ավելի են խոչընդոտում պետության եւ շուկայի մասնակիցների տարատեսակ ըմբռնումները էլեկտրոնային առեւտրաշրջանառության հարկման բնագավառում:

Հարկային մարմինները, էլեկտրոնային առեւտրաշրջանառությունը հարկելիս, առաջնորդվում են առեւտրին վերաբերող դասական օրենքներով, ինչն էլ իր հետ բերում է հավելյալ դժվարություններ: Օրինակ` հարկային օրենսդրության տեսանկյունից նշանակություն ունի ծառայության մատուցման վայրը, ինչը ինտերնետ-առեւտրի պարագայում հաճախ անհնար է որոշել: Հարկային դաշտին վերաբերող մյուս խնդիրը ծագում է կրկնակի հարկման բացառման մասին Հայաստանի հետ համաձայնագիր չունեցող երկրների ռեզիդենտների հետ աշխատելիս: Բացի այդ, գործող օրենսդրության պայմաններում էլեկտրոնային հաշիվ ապրանքագիրը դեռեւս չի համարվում ծախսերը հիմնավորող փաստաթուղթ:

«Հարկային եւ մաքսային օրենսդրությունները պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվեն: Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիան եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մշտապես աշխատում են այս ուղղությամբ», - ասում է Գայանե Ստեփանյանը:

\"\"
Էլեկտրոնային փողերով վճարումն իրականացվում է շատ արագ, առանց հերթերի, չկա մանրը վերադարձնելու անհրաժեշտություն եւ գումարը շատ արագ նստում է ստացողի հաշվին
 
«Եթե ամեն ինչ հաջող ընթանա»

Ինչպես նշվեց, ներկայումս Իդրամ-ն իրականացնում է ընկերության մասշտաբներով մեծածավալ կապիտալ ներդրումներ: Վճարահաշվարկային համակարգն արդեն 4 մասնաճյուղ է բացել Երեւանում եւ նախատեսում է շարունակել ընդլայնել իր ցանցը:  

Ըստ Գայանե Ստեփանյանի, համակարգից օգտվողների թիվը անցյալ տարվա հետ համեմատ կրկնապատկվել է եւ ընկերությունը զբաղվում է այնպիսի նախագծերի մշակմամբ, որոնք կխթանեն էլ. փողի օգտագործումը:

Էլեկտրոնային դրամական միավորների օգտագործումը Հայաստանում դեռ նոր է թափ հավաքում: Яндекс.Деньги-и, Webmoney-ի եւ Իդրամ-ի էլեկտրոնային դրամապանակները լիցքավորելու ամենատարածված եղանակներից է TelCell-ի տերմինալները:

TelCell-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը Մեդիամաքս-ին ասել է, որ թեեւ էլեկտրոնային փողերի շրջանառության մասով համակարգի ցուցանիշները դեռեւս համեստ են, կայուն աճ այնուամենայնիվ կա: «Երկրում արագորեն աճում է ինտերնետի ներթափանցումը, իսկ դա ի վերջո կբերի ինտերնետ դրամապանակների օգտագործման աճին: Կարծում եմ, 2012 – 2013-ին էլեկտրոնային փողի օգտագործումը կաճի՝ ելնելով 2 հանգամանքից. առաջինը՝ ավելի ու ավելի շատ երիտասարդներ ստանում են մշտական ինտերնետ-հասանելիություն, երկրորդը՝ կաճի վստահությունը նման ճանապարհով ապրանքներ եւ ծառայություններ ձեռքբերելու նկատմամբ», - ասել է Սերգեյ Ուսնունցը:

Իդրամ-ի տնօրենի կանխատեսումներով, «եթե ամեն ինչ հաջող ընթանա, ներդրումների վերադարձը կապահովվի 3 տարվա ընթացքում»: Ըստ Գայանե Ստեփանյանի, էլեկտրոնային փողի ապագան Հայաստանում եւ դաշտում նոր դերակատարների ի հայտ գալը մեծապես կախված է Իդրամ-ի՝ որպես առաջնեկի օրինակից:

Ռուբեն Հարությունյան