16:18 | 21.06.12 | Նորություններ | 2951
Երեւան: Մեդիամաքս: «ԱրմենՏել» ընկերությունն այսօր հերքել է ընկերության անունից իր բաժանորդներին կեղծ, «արտագաղթին նպաստող» հաղորդագրություններ ուղարկելու մասին լուրերը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր տարածած հայտարարության մեջ «ԱրմենՏել»-ը պաշտոնապես հայտարարել է, որ որեւէ կապ չունի այդ կարճ հաղորդագրության տարածման հետ:
«Ընկերությունում գործող ռազմավարության համաձայն, արգելվում է ուղարկել քաղաքական բնույթի կամ Հայաստանի Հանրապետությանն ինչ-որ ձեւով վնաս հասցնող հաղորդագրություններ: «ԱրմենՏել» ընկերությունը խստորեն քննադատում է նման հաղորդագրությունների տարածման փաստերը եւ կոչ է անում քաղաքացիներին եւ լրատվամիջոցներին հանիրավի չմեղադրել բջջային օպերատորներին SMS-սպամի տարածման մեջ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընկերությունը հորդորել է իր բաժանորդներին կասկածելի բնույթի հաղորդագրություն հայտնաբերելիս անհապաղ տեղեկացնել այդ մասին` զանգահարելով բջջային օպերատորների մամլո ծառայություն, իսկ անհրաժեշտության դեպքում` իրավասու մարմիններին:
Հունիսի 20-ին որոշ հայկական ԶԼՄ-ներ հրապարակեցին մի հասարակական գործիչի հաղորդագրություն, որը վերջինս տեղադրել էր Facebook սոցիալական ցանցում: Հաղորդագրությունն այն մասին էր, թե իբր «ԱրմենՏել»-ն իր բաժանորդներին ուղարկում է արտագաղթին նպաստող չարտոնված SMS հաղորդագրություններ: